Մատչելի հղումներ

Իրանն իր զայրույթն է արտահայտել Ադրբեջանին


Իրանի արտգործնախարարություն է հրավիրվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանը, որին ասվել է, որ Բաքվում անջատողականների համաժողովի անցկացումը «կարող է լուրջ վնաս հասցնել երկու հարևան պետությունների միջև առկա հարաբերություններին»

Իրանը բողոք է ներկայացրել Ադրբեջանին, որտեղ անցկացվել է Իրանից անկախություն պահանջող էթնիկ ազերիների կազմակերպությունների համաժողով:

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաքչին, ըստ «Բլումբերգ» գործակալության, արտգործնախարարություն է հրավիրել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին, որին ասվել է, որ նման գործողությունները «կարող են լուրջ վնաս հասցնել երկու հարևան պետությունների միջև առկա հարաբերություններին»:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը դեռևս որևէ մեկնաբանություն չի ներկայացրել այս կապակցությամբ:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցյալ շաբաթ անցկացված համաժողովի մասնակիցները նշել էին, որ Իրանը «հոգևարք» է ապրում՝ վերջինիս դեմ Արևմուտքի կողմից ընդունված պատժամիջոցների հետևանքով:

Իրանում բնակվող 20 միլիոն ազգությամբ ազերիների համաժողովի մասնակիցները կոչ են արել բաց չթողնել Իրանի հյուսիսային մարզերում անկախ պետություն ստեղծելու հնարավորությունը:

Բաքվում անցկացված համաժողովը կազմակերպվել է «Հարավային Ադրբեջանի ազատագրման ճակատ» անվանումը կրող կազմակերպության կողմից: Միջոցառմանը Ադրբեջանի պետական պաշտոնյաներից ոչ ոք սակայն չի մասնակցել:
XS
SM
MD
LG