Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է 2012 թ. Աշխարհում կրոնական ազատության վերաբերյալ զեկույցը


«Գրանցված կրոնական խմբերի հիմնական մասն իրենց գործունեությանը իրավական զգալի որևէ սահմանափակում չի հաղորդել»

ԱՄՆ-ի արտգործնախարարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոն հրապարակել է 2012 թվականի Աշխարհում կրոնական ազատության վերաբերյալ զեկույցը:

Զեկույցի Հայաստանին վերաբերող մասում նշված է, որ Հայաստանում կոնական ազատությունը պաշտպանված է սահմանադրությամբ, սակայն որոշ օրենքներ և քաղաքականություններ սահմանափակում են կրոնի ազատությունը:

«Կային կրոնական ազատության չարաշահման մասին հաղորդումներ: Օրենքն արտոնություններ է սահմանում Հայ Առաքելական Եկեղեցու համար, որոնք հասանելի չեն կրոնական այլ կազմակերպություններին: Գրանցված կրոնական խմբերի հիմնական մասն իրենց գործունեությանը իրավական զգալի որևէ սահմանափակում չի հաղորդել: «Յեհովային վկաներ»-ի համաձայն սակայն, նրանց 31 անդամ մնում է բանտարկության մեջ՝ դավանանքի հիմքերով զինվորական պարտադիր կամ այլընտրանքային ծառայություն անցնելուց հրաժարվելու պատճառով:», - ասված է զեկույցում:

Զեկույցում նշված է, որ հաշվետու տարվա ընթացքում կրոնական ազատությունների հանդեպ հարգանքի ոլորտում կառավարության կողմից որևէ զգալի փոփոխություն չի իրականացվել:

«Ստացվել են զեկույցներ կրոնական պատկանելիության, հավատքի կամ դավանանքի հիմքի վրա հասարակության մեջ խտրականության մասին: Փոքրամասնությունների անդամները հասարակության մեջ ենթարկվել են խտրականության և անհանդուրժողականության, այդ թվում՝ աշխատավայրում: Բազմաթիվ լրատվամիջոցներ կողմնակալություն են ցուցաբերել փոքրամասնություն կազմող կրոնական խմբերի նկատմամբ», - ասված է զեկույցում:

Զեկույցը շեշտում է, որ ԱՄՆ-ի դեսպանության պաշտոնյաները հրապարակայնորեն և պետական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում առաջ են քաշել կրոնական ազատությունն ու միջկրոնական երկխոսությունը, պահպանել են սերտ կապեր կրոնական առաջնորդների հետ:

«Դեսպանությունը հորդորել է կառավարությանն ընդունել խղճի հիմնավորմամբ ռազմական ծառայություն անցնելուց հրաժարվող անձանց համար այլընտրանքային ծառայության մասին միջազգային չափանիշներին համապատասխանող նոր օրենք», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության 2012 թվականի Աշխարհում կրոնական ազատության վերաբերյալ զեկույցում:
XS
SM
MD
LG