Մատչելի հղումներ

Լագարդ. ԱՄՀ-ը փաստահավաք խումբ կուղարկի Ուկրաինա


Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային մեկ միլիարդ դոլարի ծավալով վարկային երաշխիքների, ինչպես նաև բյուջետային աջակցության տրամադրման հարցը

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ուկրաինայի իշխանությունները դիմել են իրեն՝ հայցելով ԱՄՀ-ի աջակցությունը:

«Մենք պատրաստ ենք արձագանքելու և գալիք մի քանի օրվա ընթացքում ԱՄՀ-ի փաստահավաք աշխատանքային խումբ կուղարկենք Կիև՝ իշխանությունների հետ նախնական երկխոսություն հաստատելու նպատակով: Դա թույլ կտա ԱՄՀ-ին իրականացնել Ուկրաինայի տնտեսության անկախ տեխնիկական գնահատում և միաժամանակ իշխանությունների հետ մեկնարկել քաղաքականության բարեփոխումներին նվիրված քննարկումները, որոնք հիմք կծառայեն ԱՄՀ-ի աջակցության ծրագրի համար», - ասված է ԱՄՀ-ի տնօրեն-կառավարչի հայտարարության մեջ:

Քրիստին Լագարդը, բացի այդ, տեղեկացրել է, որ ԱՄՀ-ի բոլոր՝ միակողմանի և բազմակողմանի գործընկերների հետ իրականցվում են քննարկումներ այն մասին, թե ինչպես լավագույնս օժանդակություն տրամադրել Ուկրաինային՝ երկրի պատմության կարևորագույն այն ժամանակաշրջանում:

«Այս առումով մեզ ոգեշնչում են աջակցության մասին մեզ հասցեագրված բազմաթիվ հայտարարությունները», - նշել է ԱՄՀ-ի տնօրեն-կառավարիչ Լագարդը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին նախօրեին տեղեկացրել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային մեկ միլիարդ դոլարի ծավալով վարկային երաշխիքների, ինչպես նաև խորհրդային այս նախկին պետության բյուջետային աջակցության տրամադրման հարցը, սակայն համապատասխան երաշխիքներ դեռևս չեն ընդունվել: Արտգործնախախան ասել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներքին քննարկումներ է անցկացնում այս հարցի շուրջ:

Արտգործնախարար Քերրիի համաձայն, Եվրոպական Միությունը նույնպես քննարկում է Ուկրաինային մոտ 1,5 միլիարդ դոլարի օգնության տրամադրման հնարավորությունը:
XS
SM
MD
LG