Մատչելի հղումներ

ICG. «Վրաստանին անհրաժեշտ է բարելավել հիմնականում հայերով բնակեցված Ջավախքի տարածաշրջանի ինտեգրումը»


ICG. «Վրաստանին անհրաժեշտ է բարելավել հիմնականում հայերով բնակեցված Ջավախքի տարածաշրջանի ինտեգրումը»
ICG. «Վրաստանին անհրաժեշտ է բարելավել հիմնականում հայերով բնակեցված Ջավախքի տարածաշրջանի ինտեգրումը»

«Քաղաքական կայունության, ինչպես նաև տեղական քաղաքական իրադարձություններում Ռուսաստանի և արտաքին այլ ուժերի կողմից մեքենայություններ կատարելու հնարավորությունը չեզոքացնելու համար Վրաստանին անհրաժեշտ է բարելավել հիմնականում հայերով բնակեցված Ջավախքի տարածաշրջանի ինտեգրումը»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել «International Crisis Group» կազմակերպությունը` ներկայացնելով Վրաստանի այս շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությունը:

Կազմակերպության կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ 2006 թվականից տարածաշրջանում ստեղծված լարվածության գագաթնակետի ժամանակից ի վեր Թբիլիսին կարողացել է որոշ չափով նվազեցնել այն` որդեգրելով առավել կառուցողական մոտեցումներ:

Հաղորդագրությունում ասվում է, որ չնայած Վրաստանի իշխանությունները զգալիորեն ավելացրել են տարածաշրջանի ենթակառուցվածքի բարելավմանն ուղղված ներդրումների ծավալը և տեղի են տվել դպրոցներում և վարչական մարմիններում հայերենի օգտագործման պահանջներին, Ջավախքում դեռևս առկա են բազմաթիվ լուրջ խնդիրներ:

«Ջավախքի բնակիչներից շատերն իրենց Վրաստանի լիարժեք քաղաքացի չեն զգում: Որպեսզի Վրաստանը կարողանա դրսևորել ազգային փոքրամասնությունների նկատմամբ բարյացակամ երկիր մնալու իր մտադրությունը, այն պետք է երկխոսություն վարի տեղական շահագրգիռ կողմերի հետ, վարի լեզվական ճկուն քաղաքականություն, թիրախավորված տնտեսական ծրագրեր իրականացնի, ինչպես նաև խրախուսի երկրի մնացած մասի հետ ներգրավվածության զարգացումը», - ասել է կազմակերպության կովկասյան նախագծի տնօրեն Լորենս Շիսթը:

«International Crisis Group»-ի հաղորդագրության համաձայն, շրջանի հիմնականում հայախոս 95 000 բնակիչների կողմից մշակութային, տնտեսական և երբեմն քաղաքական խնդիրների լուծման նպատակով Հայաստանին դիմելու հանգամանքը շրջանն առավել խոցելի է դարձնում արտաքին ազդեցությունների համար` «չնայած այն հանգամանքի, որ Երևանը վերջերս զգալի դեր է խաղացել շրջանում իրավիճակը կայունացնելու գործում»:

Կազմակերպությունը նշում է նաև, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Թբիլիսին մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է շրջանն օգտագործել` երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով, չնայած, ըստ «International Crisis Group»-ի, այժմ դա միանգամայն անիրատեսական է թվում:

«Վրաստանի ազգային շահերից է բխում տարածաշրջանի նկատմամբ առավել մեծ ուշադրություն դարձնելուն, տեղացի առաջնորդների հետ վստահելի հարաբերություններ ստեղծելուն ու պետության նկատմամբ հավատարմություն առաջացնելուն ուղղված աշխատանքների իրականացումը: Վրաստանը պետք է դառնա ազգային փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանք ցուցաբերելու օրինակն այն տարածաշրջանում, որտեղ խտրականությունների ենթարկվող ազգային փոքրամասնությունների համար հաճախ առավել գրավիչ են դառնում անջատողականության գաղափարները» - նշել է «International Crisis Group» կազմակերպության եվրոպական ծրագրի ղեկավար Սաբին Ֆրայզերը:

XS
SM
MD
LG