Մատչելի հղումներ

«Հայաստան և Ադրբեջան. ռիսկերի ժամանակաշրջան». ISG


Ըստ հետազոտական կազմակերպության, Երևանում և Բաքվում, ինչպես նաև երրորդ երկրների դիվանագետների և վերլուծաբանների շրջանում առաջացել է թերահավատություն այն մասին, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների գործունեությունը կարող է որևէ արդյունքների բերել

Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության է այսօր անդրադարձել «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում հրապարակված «Հայաստան և Ադրբեջան. ռիսկերի ժամանակաշրջան» վերլուծության մեջ նշված է, որ անմիջական մտահոգություն են առաջացնում ռազմական սխալ հաշվարկները:

Վերլուծության համաձայն, ռազմական սխալ հաշվարկների հետևանքները կարող են տարածվել «տեղայնացված հետխորհրդային հակամարտության սահմաններից դուրս, քանի որ Հարավային Կովկասը, որտեղ հատվում են խոշոր տերությունների շահերը և որտեղ վերջիններիս միջև մրցակցություն է ծավալվել, այժմ էներգետիկ կարևորագույն ուղու է վերածվել»:

Հրապարակման հեղինակների համաձայն, երկու կողմերը բավականին հաճախ են դիմում սադրիչ գործողությունների, և որ անկայունությունը սաստկացնում է նաև երկու պետություններում քաղաքական խռովությունների վտանգը, որի հետևանքով երկու պետությունների առաջնորդները կարող կատարել բնակչության ուշադրությունը շեղելու փորձ՝ ավելացնելով ռազմական լարվածությունը կամ «դիմելով իրենց հակառակորդի ունեցած խնդիրների հաշվին առավելություն ձեռք բերելու ռիսկային գործողությունների»:

Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ բացակայում է միջազգային համակարգված ճնշումը՝ փակուղի մտած դիվանագիտական ջանքերին նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Կազմակերպության համաձայն, Երևանում և Բաքվում, ինչպես նաև երրորդ երկրների դիվանագետների և վերլուծաբանների շրջանում առաջացել է թերահավատություն այն մասին, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների գործունեությունը կարող է որևէ արդյունքների բերել:

«Այս ֆորմատի արդյունավետության մասին հարցեր առաջացրել է մասնավորապես Ռուսաստանի դիրքորոշումը», - շեշտում է «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպությունը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ռազմավարական կարևորագույն շահեր ունի Հարավային Կովկասում և զենք է մատակարարում հակամարտության երկու կողմերին:

Հետազոտական կազմակերպության համաձայն, այն չի կանխատեսում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն անխուսափելի է կամ շատ հավանական: Վերլուծության մեջ նշվում է սակայն, որ առավել իրական են դառնում կայունությունը մոտակա ապագայում խարխլելու վտանգները, որոնք կանխարգելելու համար, ըստ «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության, անհրաժեշտ է դիմել «խելամիտ պրոֆիլակտիկ գործողությունների»:
XS
SM
MD
LG