Մատչելի հղումներ

Թուքրիայի կողմից «YouTube» և «Twitter» կայքերի արգելափակումը խախտում է խոսքի ազատության իրավունքը. «Human Rights Watch»


«Human Rights Watch»-ի համաձայն, նման սահմանափակումները խախտում են Թուրքիայի կողմից մարդու իրավունքների միջազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Թուրքիայի օրենքները

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի կառավարության կողմից «YouTube» և «Twitter» կայքերի արգելափակումը «խոսքի ազատության իրավունքի և տեղեկատվության հասանելիության համար աղետալի հետևանքներ ունեցող քայլ» է անվանել:

Կազմակերպությունը հորդորել է Թուրքիայի իշխանություններին վերականգնել օգտատերերի մուտքի իրավունքը դեպի անցյալ շաբաթ արգելափակված «YouTube» և «Twitter» կայքեր:

«Human Rights Watch»-ի համաձայն, նման սահմանափակումները խախտում են Թուրքիայի կողմից մարդու իրավունքների միջազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Թուրքիայի օրենքները:

Թուրքիայի իշխանությունները նախօրեին արգելափակել էին մուտքը դեպի «YouTube» կայքն այն բանից հետո, երբ այնտեղ հրապարակվել էր Թուրքիայի արտգործնախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների կողմից Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման քննարկման ըստ էության «արտահոսված» ձայնագրությունը:

Թուրքիայում դեպի «Twitter» սոցիալական կայք մուտքն արգելափակվել էր անցյալ շաբաթ, երբ միկրոբլոգների հրապարակման համար այս կայքն օգտագործվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր որդու նկատմամբ կոռուպցիայի մեջ մեղադրանքների ձայնագրությունը տարածելու համար:

Արձագանքելով Թուրքիայում «Twitter»-ի կայքի արգելափակմանը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել էր, որ ազատ հաղորդակցման և հաղորդակցման միջոցների ազատ ընտրությունը ԵՄ-ի հիմնարար արժեքներից է:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Նիլի Քորեսը «անհիմն, աննպատակ և փոքրոգի» էր անվանել Թուրքիայի իշխանությունների կողմից «Twitter»-ի դեմ ուղղված գործողությունները:
XS
SM
MD
LG