Ընդդիմադիր հանրապետականները վերահսկողություն են հաստատել նախագահ Բարաք Օբամայի գլխավորած դեմոկրատական կուսակցության կողմից նախկինում վերահսկվող ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում:
Այս փոփոխությունը Պալատում 70 տարվա ընթացքում տեղի ունեցած կուսակցական ամենամեծ փոփոխությունն է:
Հանրապետական կուսակցության թեկնածուները երեքշաբթի օրը կայացած ընտրություններում շահել են առնվազն 60 տեղ, ինչը մեծապես գերազանցում է Ներկայացուցիչների պալատում վերահսկողություն հաստատելու համար նրանց անհրաժեշտ 39 տեղը:
Ներկայացուցիչների պալատում երկրորդ առաջատար հանրապետական Էրիկ Քանթորը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ընտրությունների արդյունքները ցույց են տվել, թե որքանով է ժողովուրդը «հիասթափված Վաշինգտոնից»:
Հանրապետականները, որպես առաջնահերթ խնդիր նշելով աշխատատեղերի ստեղծումը, պարտավորվել են նաև հաջորդ տարի խնայել 100 միլիարդ դոլար` աշխատելով նվազեցնել պետական ծախսերը և հասցնել դրանք 2008 թվականի մակարդակին: Նրանք նախատեսում են խնայողություններ իրականացնել բոլոր ոլորտներում` բացի զինծառայողների, վետերանների և մեծահասակների համար նախատեսված ծրագրերից:
Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ներկայիս առաջնորդ Ջոն Բեյները, որը, ըստ կանխատեսումների, դառնալու է Պալատի հաջորդ խոսնակը, ընտրությունների արդյունքներն անվանել է նախագահ Օբամայի և նրա ղեկավարած կուսակցության քաղաքականության մերժում` հետևորդներին երեքշաբթի օրն ասելով, թե «այսօր մեկնարկել են փոփոխությունները»: