Մատչելի հղումներ

Հաքերները կոտրել են «Pussiy Riot»-ի գործով վճիռ կայացրած դատարանի կայքը


Կարելի է արդյո՞ք փանք-խմբի մասնակիցների դատավճիռը դատական սխալ համարել

Հաքերները երեքշաբթի օրը կոտրել են «Pussiy Riot» ֆեմինիստական փանք-ռոք խմբի մասնակիցների գործով վճիռ կայացրած դատարանի համացանցային կայքը՝ խարխլելով կայքի աշխատանքը:

Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանն անցյալ ուրբաթ օրը փանք-ռոք խմբի երեք մասնակիցներին՝ Եկատերինա Սամուցևիչին, Նադեժդա Տոլոկոննիկովային և Մարիա Ալյոխինային դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ Հիսուս Ամենափրկչի տաճարում փանք-ակցիա կազմակերպելու համար:

Դատարանի կայքում երեքշաբթի օրը սակայն տեղադրվել են «Ազատությու՛ն «Pussy Riot»-ին» կարգախոսները: Բացի դրանից, կայքի որոշ բաժինների տեքստը փոփոխվել էր և պարունակում հայհոյանքներ, իսկ կայքը ներբեռնելու ժամանակ բեռնվում էր խմբի երգերից մեկը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Խամովնիչեսկի դատարանի կայքի աշխատանքն արդեն վերականգնվել է:

Այս ընթացքում Մարդու իրավունքների հարցերով Ռուսաստանի նախագահական խորհրդի ղեկավար Միխաիլ Ֆեդոտովը, որը այց է կատարում Հայաստան, «Pussy Riot»-ի գործով դատավճիռը «դատական սխալ» է անվանել:

«Դատավճիռը, որպես դատական սխալ, հետևանքներ կունենա. հուսով եմ, որ Մոսկվա քաղաքի դատարանը արագ կուղղի այս սխալը», - ասել է Ֆեդոտովը, որի համաձայն «նույնիսկ տասնիններորդ դարի չափանիշների հետ համեմատած՝ դատավճիռը բավականին տարօրինակ է»:

Մոսկվայում գործող Քարնեգի կենտրոնի կողմից հրապարակվող «Pro et Contra» ամսագրի գլխավոր խմբագիր Մարիա Լիպմանի համաձայն, իր հայտարարության մեջ Միխայիլ Ֆեդոտովը նվազեցրել է «արդարադատության նկատմամբ թույլ տված զարհուրելի ծաղրանքը, որը տեղի է ունեցել այս դատավարության ընթացքում»:
«Միխայիլ Ֆեդոտովը կարևոր պաշտոն զբաղեցնող անձ է, Մարդու իրավունքների խորհուրդ այժմ ծանր ժամանակներ է ապրում, և հնարավոր է, որ նա դիտավորյալ է ընտրում ոչ այնքան սուր արտահայտություններ՝ չխախտելով դիվանագիտական բառապաշարի սահմանները», - «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Լիպմանը:

Ամսագրի խմբագիրը սակայն համոզվածություն է հայտնել, որ խոսքը չի գնում դատական սխալի մասին: «Սխալը պատահականություն է, մի բան, որի համար այն թույլ տվածը կարող է զղջալ: Այս դեպքում գործ ունենք երկրի դատական համակարգի նպատակաուղղված վարկաբեկման հետ, ինչը, ըստ էության, ծառայում է որոշ շրջանակների քաղաքական նպատակներին», - նշել է լրագրողը:
XS
SM
MD
LG