Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընին հղել է տասը ուղղակի հարց, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող ԱՄՆ-ի քաղաքականության:
Հարցերն ուղղվել են Միացյալ Նահանգների արտգործնախարարությանն հասցեագրված նամակում, որտեղ արտահայտվել է նաև ամերիկահայ համայնքի զայրույթը Հայոց ցեղասպանության հանցագործությունը որպես «պատմական քննարկումների առարկա» անվանելու հանգամանքով:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի արտգործնախարի կողմից արված արտահայտությունը, որն առաջացրել է համայն հայության զայրույթը, նկարագրվել է կոնգրեսականների՝ Կալիֆորնիա նահանգի դեմոկրատ Ադամ Շիֆի և Իլինոյս նահանգի հանրապետական Ռոբերտ Դոլդի կողմից շրջանառության մեջ դրված նամակում որպես «դիրքորոշում, որը Միացյալ Նահանգների բարձրագույն դիվանագետի կողմից վերջին տարիների շատ ավելի մոտ է Թուրքիայի կառավարության զբաղեցրած դիրքին, քան վերջին տարիներին այս պաշտոնը զբաղեցրած ԱՄՆ-ի որևէ արտգործնախարարի դիրքորոշումը»:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ներկայացուցիչների պալատի թիվ 304 բանաձևի ԱՄՆ-ի այս երկու կոնգրեսականներն այժմ ստորագրություն են հավաքում՝ ԱՄՆ-ի արտգործնախարարին իր մեկնաբանություններից հրաժարվելու պահանջով պաշտոնական նամակ հղելու նպատակով:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի վեց էջանոց նամակում Հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընին հղել է հարցեր ԱՄՆ-ի ներկա և նախկին վարչակազմերի կողմից Թուրքիային հանդարտեցնելուն ուղղված արդեն մոտ մեկ դար տևող քաղաքականության վերաբերյալ՝ «քաղաքականության, որը իրականացվում է մարդու իրավունքների հիմնահարցում Ամերիկայի կողմից կատարվող փոխզիջումների հաշվին»:
«Այս հարցերին ազնիվ և բաց պատասխանները Հայոց ցեղասպանությանը վերաբերող Միացյալ Նահանգների քաղաքականության կհաղորդեն մեծ անհրաժեշտություն ունեցող թափանցիկություն, ինչպես նաև բովանդակալից հիմք կդառնան կառավարության և քաղաքացիական հասարակության միջև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելուն ուղղված քաղաքականությանը Միացյալ Նահանգների հանցակցությանը վերջ տալու քննարկման համար», - ասել է Խաչիկյանը:
«Ավելին՝ այս հանցագործության ամբողջական պաշտոնական ճանաչումը, որը կդառնա Ամերիկային նկատմամբ Թուրքիայի կողմից «լռեցնելու կանոն» սահմանելու ջանքերի հրապարակային ժխտում, կծառայի որպես աշխարհում մարդկությունը խոշտանգող ցեղասպանությունները դադարեցնելու ուղղությամբ նշանակալից քայլ», - ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հունվարի 26-ին Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտության զարգացման վերաբերյալ անցկացված հանդիպման ժամանակ, խոսելով, Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին, մասնավորապես ասել էր.
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի ասել, որ այս հարցը միշտ դիտվել է՝ և կարծում եմ, որ դա է ճիշտ, որպես պատմական քննարկումներին, այլ ոչ թե քաղաքականությանը վերաբերող խնդիր: Եվ, իմ կարծիքով, Միացյալ Նահանգների կառավարությունը ճիշտ դիրք է զբաղեցնում այս հարցում, քանի որ, անկախ այն բանից, թե որքան զարհուրելի կարող է լինել իրադարձությունը կամ դրա հետևանքով առաջացող հույզերը, կարծում եմ՝ պատմական խնդիրները լուծելու համար կառավարությանը տրված իշխանության օգտագործումը բացում է մի դուռ, որով անցնելը շատ վտանգավոր է»: