Հունաստանի ոստիկանություն ձերբակալել է հրազեն և կեղծամ կրող 22 և 24 տարեկան երկու տղամարդու, ովքեր փոստի միջոցով ռումբեր էին նախատեսում ուղարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին և Աթենքում գտնվող Արևմուտքի երկրների դեսպանություններ:
Հունաստանի ոստիկանության համաձայն, ձերբակալվածներից մեկը «Կրակի դավադրության բջիջ» հայտնի հունական ձախ ուղղվածություն ունեցող զինյալ խմբավորման անդամ է: Ոստիկանության խոսնակի համաձայն, երկրի իշխանությունները չեն կարծում, որ պատահարը առնչություն ունի ալ-Քաիդայի հետ:
Փոստի առաքման ծառայություններ մատակարարող մասնավոր ընկերությունում աշխատող մի կին թեթև վնասվածքներ է ստացել, երբ առաքման ընթացքում Մեքսիկայի դեսպանությանը հասցեագրված նամակը պայթել էր նրա ձեռքերում:
Ոստիկանության համաձայն, ձերբակալվածներն ունեցել են ավելի մեծ թվով ռումբեր, որոնցից մեկը հասցեագրված էր նախագահ Սարկոզիին: Մեկ այլ ռումբ նախատեսված էր Բելգիայի դեսպանություն ուղարկելու համար:
Նիդերլանդների դեսպանությանը հասցեագրված` հաշվով չորրորդ ռումբը հայտնաբերվել է փոստի առաքման մեկ այլ ընկերությունում: