Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեկնարկել է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած Ռուանդայի երկու քաղաքացու դատավարությունը՝ հիմք ընդունելով նման հանցագործություններ այլ պետություններում կատարած օտարերկրացիներին դատական կարգով հետապնդելու իրավասություն տվող օրենքը։
Գերմանիայի իշխանությունները երկու ռուանդացիներին ներկայացրել են Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում հարյուրավոր մարդկանց սպանություններ իրականացրած հանցախմբի գործողությունները ղեկավարելու մեղադրանքներ։ Հանցախումբը, որը բաղկացած է եղել հութու ցեղախմբի ներկայացուցիչներից, իրականացրել է իր զոհերի ծեծով մահվան հասցնելու, բռնաբարության և գյուղեր կողոպտելու հանցագործություններ։
Հանցախմբի ներկայացուցիչները երկար տարիներ որպես «ապահով ապաստան» են օգտագործել Գերմանիան։
Դատարանի առջև ներկայացած երկու մեղադրյալները, որոնք ձերբակալվել են 2009 թվականի նոյեմբերին, տասնյակ տարիներ ապրել են Գերմանիայում՝ հեռահար կարգով կառավարելով հութու հանցախմբի գործողությունները։
Հանցախմբի կազմում ընդգրկված է եղել մոտ 5 հազար, հիմնականում հութու ցեղախմբի մարտիկ, որոնցից շատերը 1994 թվականին Ռուանդայում իրականացված ցեղասպանությունից հետո փախուստի են դիմել դեպի Կոնգո։
Ռուանդայում հութու ցեղախմբի ծայրահեղականների կողմից կատարված ցեղասպանության զոհ են գնացել մոտ 800 000 թութսի, ինչպես նաև չափավոր հայացքներ ունեցող հութու ցեղախմբի ներկայացուցիչներ։