Մատչելի հղումներ

Պաղեստինցիները հարձակում են կատարել Ֆրանսիայի արտգործնախարարի մեքենայի վրա


Պաղեստինցի ցուցարարների զայրացած մի խումբ փորձել է արգելափակել Գազայի գոտու տարածքով անցնող Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Ալյո Մարիի մեքենայի ընթացքը:

Բազմաթիվ ցուցարարներ, որոն թվում կային Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների բարեկամներ, հարձակվել են Ֆրանսիայի արտգործնախարարի մեքենան` Գազայի գոտու տարածք անմիջապես անցնելուց հետո:

Հարձակման հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել Ֆրանսիայի արտգործնախարարի օգնականը:

Ցուցարարներն իրենց զայրույթն են արտահայտել Ալյո Մարիին սխալմամբ վերագրվող այն մեկնաբանությունների կապակցությամբ, որոնցով նա իբր հանդես է եկել 2006 թվականին զինյալների կողմից առևանգված իսրայելցի զինվորի ծնողների հետ հանդիպումից հետո:

Այդ հանդիպման ընթացքում զինվորի հայրը Ալյո-Մարիին դիմել էր զինվորի առևանգումը որպես պատերազմական հանցագործություն ճանաչելու նպատակով Եվրամիության վրա ճնշում գործադրելու խնդրանքով:

Լրատվամիջոցները սակայն այս հայտարարությունը վերագրել են Ֆրանսիայի արտգործնախարարին:

«Համաս» խմբավորման ոստիկանության ուժերին հաջողվել է ցրել ցուցարարներին, ինչից հետո դիվանագիտական շարասյունը շարունակել է դեպի Գազա քաղաք իր ճանապարհը, որտեղ Ալյո-Մարին այցելել է Ֆրանսիայի կողմից ֆինանսավորվող հիվանդանոցը:

Ֆրանսիայի արտգործնախարարը տարածաշրջան է ժամանել` Մերձավոր Արևելքում խաղաղության դադարեցված բանակցությունները վերսկսելու նպատակով:

Միշել Ալյո Մարին հինգշաբթի օրը հանդիպումներ է անցկացրել Իսրայելի իր գործընկեր Ավիգդոր Լիբերմանի, պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ:

XS
SM
MD
LG