Մատչելի հղումներ

Այսօր Ֆրանսիայում անց է կացվում նախագահական ընտրությունների առաջին փուլը


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրա կինը՝ Կարլա Բրունին կիրակի օրը մասնակցում էին երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլին:

Քվեարկությանն ավելի վաղ մասնակցել էր նրա գլխավոր մրցակից, սոցիալիստ Ֆրանսու Օլանդը:

Հարցումների արդյունքների համաձայն, ձայների առավելությունը Սարկոզիի մրցակծի կողմն է: Սպասվում է, որ ծայրահեղ աջ Մարին Լի Պենը եւ ծայրահեղ ձախ Ժան Լուկ Մելենշոնը ձայների թվով կզբաղեցնեն համապատասխանաբար 3-րդ եւ չորրորդ տեղերը:

Առաջին փուլից հետո երկրորդ փուլ է անցնելու երկու թեկնածու, եւ հարցումների համաձայն, այդ թեկնածուներն են լինելու Սարկոզին ու Օլանդը։ Երկրորդ փուլն անց է կացվելու մայիսի 6-ին։ Ֆրանսիայի սահմանադրության համաձայն, մամուլը չունի նախնական արդյունքների որեւէ տվյալ հաղորդելու իրավունք, քանի դեռ նույն օրը երեկոյան չեն հրապարակվել պաշտոնական արդյունքները։

Նախագահ Սարկոզին ուրբաթ օրը ներողություն էր խնդրել նախագահության սկզբնական շրջանում թույլ տրված սխալների համար, սակայն նաեւ նշել Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի պայմաններում իր երկրում իրականացված ֆինանսական քաղաքականության մեջ իր դերը։ Նա նաեւ ասել է, որ Ֆրանսիան կգնա Իսպանիայի ճանապարհով, եթե Ֆրանսիան փոխի իր տնտեսական ներկա քաղաքականությունը։

XS
SM
MD
LG