Մատչելի հղումներ

Ժնևում ավարտվել է Սիրիայի շուրջ բանակցությունների առաջին փուլը


Բրահիմի. «Բանակցող կողմերի միջև մնում են խորը տարաձայնություններ բոլոր հարցերում՝ սկսված հակամարտության դադարեցման խնդրից մինչև պաշարված տարածքներ մարդասիրական օգնության առաքումը»

Սիրիայում պատերազմող կողմերի միջև խաղաղության բանակցությունների առաջին փուլն ավարտվել է ուրբաթ օրը Ժնևում առանց նշանակալի առաջընթացի: Առաջին փուլի ընթացքում սակայն հնարավոր եղավ հիմք ստեղծել՝ բանակցությունները շարունակելու համար:

ՄԱԿ-ի միջնորդ Լախդար Բրահիմին «զարգացնելու հնարավորություն ընձեռող համեստ սկիզբ» է գնահատել ամբողջ շաբաթվա ընթացքում անցկացված բանակցությունները՝ տեղեկացնելով, որ բանակցող կողմերի միջև մնում են խորը տարաձայնություններ բոլոր հարցերում՝ սկսված հակամարտության դադարեցման խնդրից մինչև պաշարված տարածքներ մարդասիրական օգնության առաքումը:

Բրահիմիի համաձայն, բանակցությունների հաջորդ փուլն ամենայն հավանականությամբ կմեկնարկի փետրվարի 10-ին՝ կախված Սիրիայի կառավարության համաձայնությունից:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմը սակայն ասել է, որ իր կառավարության պատվիրակությունն անմիջապես չի հաստատի մասնակցությունը հետագա բանակցություններին՝ առանց նախագահ Բաշար ալ-Ասադի լրացուցիչ հրահանգների:

«Նախագահը նախ կուսումնասիրի մեր զեկույցներն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այս շաբաթվա ընթացքում և, համապատասխանաբար, կքննարկի մեր ու կառավարության հետ, ապա որոշում կընդունվի», - ասել է Սիրիայի արտգործնախարարը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսն ուրբաթ օրը «խորը հիասթափություն» է արտահայտել այն հանգամանքով, որ Սիրիայի շուրջ բանակցություններն ավարտվել են՝ առանց հակամարտության ընթացքում շրջափակման ենթարկված տարածքներ մարդասիրական օգնություն հասցնելու մասին պայմանավորվածության:

Միացյալ Նահանգներն այս ընթացքում հորդորել է Սիրիային արագացնել երկրում առկա քիմիական զինանոցը ոչնչացման հանձնելու աշխատանքները:

Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ասել է, որ քիմիական զենքի զինանոցի առաքման և ոչնչացման ուշացման համար «օրինական որևէ պատճառ չկա»:

Արտգործնախարար Քերրին հորդորել է նախագահ Ասադին և Սիրիայի կառավարությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները:

ԱՄՆ-ի արտգործնախարարը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները հակառակ դեպքում կդիմի լրացուցիչ քայլերի՝ շեշտելով, որ «քննարկման են ենթակա բոլոր տարբերակները»:
XS
SM
MD
LG