Մատչելի հղումներ

Ալժիրում անհայտ է մնում բազմաթիվ պատանդների ճակատագիրը


Հաստատվել է օտարերկրյա քաղաքացի միայն չորս պատանդի՝ Ճապոնիայի երեք և Իռլանդիայի մեկ քաղաքացու անվտանգ վայրում լինելը

Ալժիրում ուրբաթ օրը շարունակվել է բնական գազի արդյունահանման կայանում իսլամիստ զինյալների կողմից պատանդներ վերցնելու պատճառով ծավալված ճգնաժամը:

Ալժիրի կառավարական ուժերը նախօրեին գրոհել էին Այն Ամենասի գազի գործարանը՝ ազատ արձակելով օտարերկրյա և տեղացի աշխատողների, որոնց թվի մասին տվյալներ չեն հաղորդվել: Հարձակման հետևանքով սակայն զոհվել է մի քանի պատանդ և զինյալ:

Օտարերկրյա պետությունները, որոնք նախօրոք չէին զգուշացվել գրոհի մասին, գրոհից հետո փորձում էին տեղեկություններ ստանալ գազի գործարանում ըստ հաղորդագրությունների պահվող 41 պատանդի վիճակի մասին:

Հաստատվել է օտարերկրյա քաղաքացի միայն չորս պատանդի՝ Ճապոնիայի երեք և Իռլանդիայի մեկ քաղաքացու անվտանգ վայրում լինելը: Մնացած պատանդների՝ ԱՄՆ-ի Ճապոնիայի, Նորվեգիայի, Ռումինիայի, Ֆիլիպինների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Մալայզիայի և Ավստրիայի քաղաքացիների ճակատագիրը դեռևս անհայտ է:

Ալժիրի պետական լրատվամիջոցների համաձայն, տեղացի 600 աշխատողները, որոնք օտարերկրացիների նման խիստ հսկողության տակ չէին, գրոհի արդյունքում նույնպես ազատ են արձակվել:

Ալժիրի կապի նախարար Մոհամեդ Սայիդի համաձայն, երկրի զինուժի կողմից հինգշաբթի օրը ձեռնարկված գործողությունների արդյունքում «հնարավոր եղավ ազատ արձակել մեծ թվով պատանդների և վնասազերծել մեծ թվով ահաբեկիչների»: Նա ասել է նաև, որ գրոհի ընթացքում զոհվել է մի քանի պատանդ:

Զինյալների կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Ալժիրի օդուժի ուղղաթիռների միջոցով իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 34 պատանդ և 15 զինյալ: Այս հայտարարությունը սակայն անհնար է հաստատել:

Հիշեցնենք, որ «Արյան ջոկատ» անվանումը կրող զինյալների խմբավորումը պատանդ է վերցրել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և եվրոպական այլ պետությունների քաղաքացիների՝ չորեքշաբթի վաղ առավոտյան բնական գազի գործարաններից մեկի և գործարանին կից աշխատողների համար նախատեսված շինությունների ուղղությամբ իրականացված գրոհի արդյունքում:

Պատանդ վերցնողները պահանջել են վերջ տալ Մալիում Ֆրանսիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին:
XS
SM
MD
LG