Մատչելի հղումներ

Դամասկոսում պայթյունի զոհ են գնացել անվտանգության ուժերի ծառայողներ


Դամասկոսում և երկրի այլ վայրերում ուրբաթ օրն անց են կացվել հակակառավարական ցույցեր, վերսկսվել են բախումները

Սիրիայի մայրաքաղաքի մզկիթներից մեկի մոտակայքում ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհվել է երկրի անվտանգության ուժերի հինգ ծառայող, ևս մի քանի ծառայող վնասվածքներ է ստացել:

Երկրի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, Դամասկոսի կենտրոնում գտնվող Ռիքնիե մզկիթի մոտակայքում պայթյունն իրականացվել է պայթուցիկ նյութերով բեռնված մոտոցիկլետի միջոցով:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Դամասկոսում և երկրի այլ վայրերում ուրբաթ օրն անց են կացվել հակակառավարական ցույցեր: Ըստ կազմակերպության, մայրաքաղաքի Քազազ շրջանում, որտեղ գտնվում են Սիրիայի անվտանգության մի քանի գործակալության կենտրոնական գրասենյակները, վերսկսվել են բախումները կառավարական ուժերի և ապստամբների միջև:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է նաև, որ Դամասկոսի մոտակայքում հինգշաբթի օրը հայտնաբերվել է 45 դիակ, որոնց ինքնությունը դեռևս չի պարզվել: Առնվազն 23 դիակ հայտնաբերվել է Զամալքա շրջանում, ևս 22 մարմին հայտնաբերվել է մայրաքաղաքի հարավ-արևելյան Քաթանա շրջանում:

Եվրոպական Միությունն ուրբաթ օրը հայտնել է Սիրիային լրացուցիչ՝ 76 միլիոն դոլար ծավալով մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: ԵՄ-ի մարդասիրական օգնության գծով հանձնակատար Կրիստալինա Գեորգիևան հայտնել է, որ գումարը կտրամադրվի վրաններ և բժշկական օգնություն տրամադրելու և մարդասիրական այլ նպատակների համար:
XS
SM
MD
LG