Մատչելի հղումներ

Եվրոյի գոտու նախարարները հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին գործարքը


Եվրոյի գոտու նախարարները հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին գործարքը
Եվրոյի գոտու նախարարները հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին գործարքը

Եվրոյի գոտու պետությունների ֆինանսների նախարարներն ամբողջ գիշեր տևած բանակցությունների արդյունքում երեքշաբթի վաղ առավոտյան հաստատել են Հունաստանին 172 միլիարդ դոլար կազմող ֆինանսական օգնություն տրամադրելու մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը հնարավորություն է տալիս Աթենքին խուսափելու պետական պարտքով վճարումներ չկատարելուց, սակայն միաժամանակ պահանջում է, որպեսզի Հունաստանում ֆինանսական խնայողության է՛լ ավելի խիստ միջոցներ ձեռնարկվեն:

Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը, 13 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում երեքշաբթի առավոտյան հանդես է եկել քննարկումների հաջող ավարտի մասին հայտարարությամբ:

Բրյուսելում կնքված գործարքով Հունաստանին նախատեսվում է տրամադրել ֆինանսական օգնության արդեն երկար ժամանակի սպասվող հերթական տրանշը՝ թույլ տալով կատարել մարտի 20-ին վճարման ենթակա պարտքը: Գործարքն ունի նաև ավելի մեծածավալ ազդեցություն. այն թույլ կտա խուսափել լայնածավալ ճգնաժամից եվրոյի գոտում, որը կարող էր ծավալվել Հունաստանի կողմից 17 պետություններից կազմված արժութային միությունը լքելու դեպքում:

Համաձայնագիրը թույլ կտա Հունաստանին նվազեցնել իր պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 160 տոկոս կազմող ներկայիս ցուցանիշից մինչև 2020 թվականը այն հասցնելով ՀՆԱ-ի 120 տոկոսի, ինչի արդյունքում սպասվում է, որ մասնավոր ներդրողները կրելու են նախատեսվածից մեծ վնասներ, որոնք կկազմեն արժեթղթերի անվանական արժեքի մոտ 53,5 տոկոսը: Բացի դրանից, համաձայնագրով նախատեսվում է, որ պետական ծախսերի լրացուցիչ կրճատման արդյունքում Հունաստանում կձեռնարկվեն ֆինանսական խիստ խնայողության լրացուցիչ միջոցներ:

Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդն այնուամենայնիվ նշել է, որ ձեռք բերված համաձայնագիրը երկարաժամկետում թույլ կտա շրջադարձ կատարել Հունաստանի տնտեսությունում: Լագարդն ասել է նաև, որ Հունաստանին տրամադրվող ֆինանսական օգնության փաթեթը ԱՄՀ-ում կքննարկվի մարտ ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում:

XS
SM
MD
LG