Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմպեյը Բրյուսելի երկօրյա գագաթաժողովի ընթացքում հորդորել է ամբողջ աշխարհում անցկացնել ատոմակայանների փորձարկումներ` նշելով, որ միջուկային վտանգն առկա է Եվրոպայի սահմաններում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հանդես է եկել ատոմակայանները առավելագույն ծանրաբեռնվածության պայմաններում ենթարկել այսպես կոչված «սթրեսային» փորձարկման, և կիրառել անվտանգության ամենաբարձր չափորոշիչներ, ինչպես տեղական և տարածաշրջանային, այնպես էլ` միջազգային մակարդակներում:
Եվրամիության անդամ պետությունների էներգետիկայի նախարարներն այս շաբաթվա սկզբին համաձայնել են ԵՄ-ում անցկացնել անվտանգության ստուգումներ, սակայն համաձայնության չեն եկել փորձարկումների չափանիշների վերաբերյալ:
Անդամ 27 պետություններից միայն 14-ում կան միջուկային հաստատություններ, սակայն որևէ լուրջ պատահարի դեպքում հետևանքները ազդեցություն կգործեն ԵՄ-ի բոլոր պետությունների վրա:
Եվրոպական միջուկային էներգետիկայի կազմակերպության տվյալներով, 2011 թվականի հունվարի դրությամբ, Եվրոպայում շահագործման կամ կառուցման փուլում է եղել 195 ատոմակայան: