Մատչելի հղումներ

Խորհրդային նախկին պետությունների պաշտոնյաները հորդորել են Ռուսաստանին հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից


Նախկին Խորհրդային Միության պետությունների պաշտոնյաները սատարել են մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք ազատ և անաչառ ընտրությունների անցկացումը

Նախկին Խորհրդային Միության պետությունների պաշտոնյաները սատարել են մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք ազատ և անաչառ ընտրությունների անցկացումը և հորդորել Ռուսաստանին հետ քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից:

Այս հայտարարությամբ հանդես են եկել Պրահայում Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասնակից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պաշտոնյաները: Բելառուսի ներկայացուցիչները չեն մասնակցել ուրբաթ օրն ավարտված երկօրյա գագաթաժողովը:

Պրահայում Արևելյան գործընկերության գագաթաժողովն անցկացրած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանամերձ գոտիներից զինված ուժերի ստորաբաժանումների հետ քաշումը կդառնա ճգնաժամի հանդարտեցմանն ու խաղաղության հաստատմանը նպաստող քայլ:

Չեխիայում Արևելյան գործընկերության գագաթաժողովին մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը Պրահայում կայացած գագաթաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով, որտեղ մատնանշել է, որ դեռևս ձևավորման փուլում Արևելյան գործընկերությունը որոշակի խնդիրներ ուներ:

«Մասնավորապես, հայտնի չէր, թե գործընկերներին ինչ սկզբունքով էին միավորել. երկրները տարբեր էին իրենց մոտեցումներով, իրենց ձգտումներով, և կարծում եմ` սա է պատճառը, որ գոնե Արևելյան գործընկերության մի բաղադրիչը՝ տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, այդպես էլ չաշխատեց», - ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ասել է Հայաստանի նախագահը:

«Ինձ համար մինչև հիմա հասկանալի չէ, թե ի՞նչ սկզբունքներով մենք և Ադրբեջանը միավորվեցինք մի գործընկերության մեջ. տարբեր հնարավորություններ, տարբեր մոտեցումներ, տարբեր ձգտումներ, և սա է պատճառը, որ այդ բաղադրիչը չաշխատեց: Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում գործընկերությունը շարունակվելու է, վստահ եմ, որ լինելու են բարդություններ, ինչպես առկա են այսօր, բայց նաև վստահ եմ, որ բոլոր այդ բարդությունները լուծվելու են խաղաղ ճանապարհով», - եզրակացրել է Պրահայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովին մասնակցած Հայաստանի նախագահը:
XS
SM
MD
LG