Մատչելի հղումներ

ԵՄ-ը 731 միլիոն դոլարով տուգանել է «Մայքրոսոֆթ»-ին


Ընկերությանը տուգանելու մասին որոշում կայացնելու պատճառն է դարձել «Մայքրոսոֆթ»-ի կողմից համակարգչի օգտատերերին համացանցի դիտարկիչ ծրագրերի ընտրություն տրամադրելու մասին ԵՄ-ի իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնության խախտումը

Եվրոպական Միության կարգավորող մարմինները «Մայքրոսոֆթ» ամերիկյան ընկերության նկատմամբ կիրառել են 731 միլիոն դոլարի տուգանք, որի պատճառն է դարձել ընկերության կողմից համակարգչի օգտատերերին համացանցի դիտարկիչ ծրագրերի ընտրություն տրամադրելու մասին ԵՄ-ի իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնության խախտումը:

Եվրոպական Միության կորպորացիաների գծով կարգավորող մարմնի ղեկավար Հոակին Ալմինան ասել է, որ աշխարհում ծրագրային ապահովման ամենախոշոր արտադրող «Մայքրոսոֆթ» ընկերությանը ԵՄ-ի իշխանությունները վստահել էին ի կատար ածելու 2009 թվականին ձեռք բերված համաձայնությունը, որի պայմաններով ընկերությունը, բացի «Internet Explorer» համացանցի զննիչի, օգտատերերի համար պետք է հասանելի դարձներ համացանցի այլ զննիչներ:

«Մայքրոսոֆթ»-ն անցյալ տարվա հուլիսին խոստովանել է, որ մեկ տարուց ավելի այն թերացել է Եվրոպայում ավելի քան 28 միլիոն օգտատերերին զննիչների ընտրություն տրամադրելու գործում: Ընկերության համաձայն, սա եղել է սխալ, այլ ոչ թե ձեռք բերված համաձայնության մտադրված խախտում:

Եվրոպական Միության կորպորացիաների գծով կարգավորող մարմնի ղեկավարի համաձայն, «Մայքրոսոֆթ»-ի նկատմամբ կիրառված տուգանքը «կստիպի ընկերություններին լավ մտածել՝ կարգավորող մարմինների հետ ձեռք բերված համաձայնությունը խախտելուց առաջ»:

«Մայքրոսոֆթ»-ը ներողություն է խնդրել և պատասխանատվություն է ստանձնել «տեղի ունեցած տեխնիկական սխալի համար»: Ընկերությունը հայտնել է, թե քայլեր կձեռնարկի ծրագրակազմի մշակման բարելավման և ապագայում նման սխալներից խուսափելու ուղղությամբ:

Եվրոպական հակամենաշնորհային կարգավորող մարմինները վերջին տասնամյակի ընթացքում «Մայքրոսոֆթ»-ի նկատմամբ կիրառված տուգանքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար:
XS
SM
MD
LG