Մատչելի հղումներ

Նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպմանն է անդրադարձել ԵՄ-ի գերագույն հանձնակատար Էշթոնը


«Նախագահների կողմից բանակցությունները շարունակելու և առաջիկայում կրկին հանդիպելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը քաջալերող է»

ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն անդրադարձել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպմանը:

«Գերագույն հանձնակատարը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 19-ին կայացած հանդիպումը և գովասանքի խոսքեր է ուղղում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին և նրանց կողմից բարձր մակարդակի հանդիպումները վերսկսելուն ուղղված ջանքերին», - ասված է հանձնակատարի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ: - «Նախագահների կողմից բանակցությունները շարունակելու և առաջիկայում կրկին հանդիպելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը քաջալերող է»:

«Եվրոպական Միությունը պատրաստ է ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերում և նպաստել խաղաղության հաստատմանը՝ աջակցելով և փոխլրացնելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը», - եզրափակում է ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությունը:
XS
SM
MD
LG