Մատչելի հղումներ

ԵՄ-ը փոփոխել է Սիրիա սպառազինության առաքման արգելքը


ԵՄ-ի որոշում քննադատության են ենթարկել Ռուսաստանի իշխանությունները

Եվրոպական Միությունը փոփոխություններ է կատարել Սիրիա սպառազինություն առաքելու վերաբերյալ գործող արգելքում՝ թույլատրելու համար դաշինքի անդամ պետություններին զենք առաքել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին:

27 անդամ ունեցող դաշինքը նախօրեին անցկացված մի շարք բանակցություններից հետո համաձայնության է եկել պատժամիջոցները Սիրիայի կառավարության նկատմամբ պահպանելու մասին, սակայն թույլատրել է սպառազինությունների առաքումը ընդդիմադիր հիմնական կազմակերպությանը՝ Սիրիայի ազգային դաշինքին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն ասել է, որ Սիրիայի ապստամբներին զենք ուղարկելու ծրագրեր դեռևս չկան:

Սիրիայի ընդդիմությանը սպառազինություն տրամադրելու հիմնական ջատագովները եղել են Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, մինչդեռ Ավստրիան ու Շվեդիան եղել են փոքրաթիվ այն պետությունների խմբում, որոնք դեմ են հանդես եկել նման քայլի՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է վատթարացնել իրավիճակը Սիրիայում՝ շարունակվող քաղաքական հակամարտության պայմաններում:

ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի կողմից տարածված հայտարարությունում ասված է, որ Սիրիա սպառազինության առաքման վերաբերյալ դաշինքի դիրքորոշումը կվերանայվի մինչև այս տարվա օգտոստոսի 1-ը, և այս ուղղությամբ ցանկացած քայլ կիրականացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ խորհրդակցություններ անցկացնելուց և Սիրիայի հարցի շուրջ խաղաղության համաժողովի անցկացման հետ կապված իրավիճակը հաշվի առնելուց հետո:

Սիրիա սպառազինություն առաքելու վերաբերյալ արգելքը փոփոխության ենթարկելու մասին ԵՄ-ի որոշում քննադատության են ենթարկել Ռուսաստանի իշխանությունները:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը երեքշաբթի օրն ասել է, որ այս որոշումն ուղղակիորեն վնաս է հասցնում խաղաղության այն բանակցություններին, որոնք գալիք ամսվա ընթացքում անցկացնելն առաջարկել են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները:
XS
SM
MD
LG