Մատչելի հղումներ

Եգիպտոսի նախագահն անտեսել է ցուցարարների պահանջները


Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել նախագահ Մորսիի հետ՝ «խորը մտահոգություն» արտահայտելով ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ

Եգիպտոսի ընդդիմությունը կոչ է արել ուրբաթ օրը շարունակել երկրի նախագահ Մոհամեդ Մորսիի դեմ ուղղված բողոքի ցույցերը, քանի որ վերջինս հրաժարվել է հետ կանչել սահմանադրության վիճահարույց նախագծի շուրջ կայանալիք հանրաքվեն, ինչպես նաև անցյալ ամիս հրամանագրով իրեն տրված չափազանց լայն լիազորություններից:

Այս ընթացքում զինծառայողները փշալարով պատած բետոնե պատնեշներ են տեղադրել Կահիրեում գտնվող նախագահական պալատի շուրջ, որտեղ այս շաբաթ անցկացված բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների զոհերի պատճառ են դարձել:

Ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ՝ նախագահ Մորսին հինգշաբթի օրն իր խոսքում պնդել է, թե երկրի սահմանադրական ճգնաժամին միակ լուծումը կարող է դառնալ երկխոսությունը՝ առաջարկելով նաև «համապարփակ երկխոսություն» անցկացնել ընդդիմության ներկայացուցիչների հետ շաբաթ օրը:

Մորսին ասել է, թե չի հանդուրժի սպանություններն ու սաբոտաժը՝ հիշեցնելով, որ այս շաբաթ նախագահական պալատի մոտակայքում բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է յոթ, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 700 մարդ: Նրա համաձայն, քրեական հանցագործություններ կատարելու, ներառյալ հրազենի կիրառման համար, ձերբակալվել է 80 անձ, որոնցից մի քանիսը, ըստ նախագահի, «վարձված են եղել»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նախագահ Մորսիի հետ՝ «խորը մտահոգություն» արտահայտելով ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման հորդորել է նաև Եգիպտոսի քաղաքական բոլոր առաջնորդներին բռնությունների անթույլատրելիության մասին հստակ ուղերձ հղել իրենց կողմնակիցներին:
XS
SM
MD
LG