Մատչելի հղումներ

Եգիպտոսն ու Թուրքիան քննադատել են Ասադին


Եգիպտոսի նախագահ: «Ասադը պետք է դասեր քաղի նորագույն պատմությունից և, քանի ուշ չէ, պաշտոնաթող լինի»

Եգիպտոսի նախագահի համաձայն, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է «դասեր քաղի նորագույն պատմությունից և, քանի ուշ չէ, պաշտոնաթող լինի»:

Այս հայտարարությամբ Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին հանդես է եկել չորեքշաբթի օրը Կահիրեում անցկացված Արաբական պետությունների լիգայի հանդիպման ընթացքում: Նա ասել է նաև, որ Սիրիայում ծավալված ճգնաժամի կարգավորումը արաբական պետությունների պարտականությունն է: Մորսիի համաձայն, Սիրիայում եկել է ժամանակը կատարելու «իրական փոփոխություններ, այլ ոչ թե ժամանակ կորցնել դրանց մասին խոսելու վրա»:

Եգիպտոսի նախագահը հայտնել է նաև, որ շուտով կկայանա իր կողմից Սիրիայում ճգնաժամի քննարկման վերաբերյալ պետությունների քառյակի հանդիպումը, որոնց թվում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իրանն ու Եգիպտոսը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ընթացքում բարձրաձայնել է Սիրիայում ստեղծված քաոսային իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության միասնական դիրքորոշման բացակայության մասին իր մտահոգությունը:

Երկրում իշխանության գլուխ կանգնած կուսակցության Անկարայում անցկացվող համաժողովի ընթացքում նա ասել է, թե «Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ անտարբեր մնալ Սիրիայում ստեղծված իրավիճակի հանդեպ»:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Հալեպ քաղաքի ապստամբների կողմից վերահսկվող շրջանների ուղղությամբ կառավարական ուժերի կողմից բացված հրետանային կրակի զոհ է գնացել առնվազն 19 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա:

Սիրիայի ընդդիմադիր այլ կազմակերպություններ հայտնել են զոհվածների ավելի մեծ թվի մասին: Նրանց համաձայն, Հալեպում չորեքշաբթի օրը կառավարական ուժերի գործողությունների պատճառով զոհվել է 43 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

«Ամերիկայի Ձայն»-ը չի կարող հաստատել Սիրիայից ստացվող հաղորդագրությունների ճշգրտությունը՝ երկրի կառավարության կողմից օտարերկրյա լրատվամիջոցների ներկայության խիստ սահմանափակման պատճառով:
XS
SM
MD
LG