Եգիպտոսի առողջապահության նախարարության փոխանցմամբ Կահիրեի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների արդյունքում 1000-ից ավելի մարդ է վիրավորվել:
Ականատեսների խոսքերով, Կահիրեում սկիզբ առած անկարգությունները դադարեցնելու նպատակով ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, ինչի արդյունքում հիվանադանոց է տեղափոխվել 70 մարդ, որոնցից 40-ը` ոստիկանության աշխատակիցներ:
Ցուցարարները գործող ռազմական վարչակարգից պահանջում են արագացնել Եգիպտոսում այս տարվա փետրվար ամսին ցուցարարների դեմ հանցագործություններ իրականացրած պետական պաշտոնյաների դատավարությունները: Հիշեցնենք, որ նախկին նախագահ Հուսնի Մուբարաքի հրաժարականի պատճառ դարձած ցույցերի ընթացքում առնվազն 850 մարդ էր զոհվել:
Ցուցարարների մեկ այլ խումբ, որ հավաքվել էր Կահիրեի Թահրիր հրապարակում, պահանջել է գործող ռազմական խորհրդի ղեկավար Մոհամմադ Հուսեյն Թանթավիի հրաժարականը:
Ռազմական խորհրդի կողմից հրապարակված պաշտոնական հայտարարությունում կազմակերպվող հանրահավաքները քննադատության են ենթարկվել` նշելով, թե դրանց նպատակն է ապակայունացնել երկիրը և սեպ խրել ժողովրդի ու անվտանգության ուժերի միջև: