Մատչելի հղումներ

Եգիպտոսի դատարանը սատարել է «Մահմեդական եղբայրության» գործունեության արգելքը


Կահիրեի հրատապ գործերով դատարանի որոշումամբ «Մահմեդական եղբայրության» գործունեության դադարեցման և ունեցվածքի առգրավման մասին ավելի վաղ կայացված վճիռը

Եգիպտոսում դատարանը սատարել է երկրում «Մահմեդական եղբայրության» գործունեության դադարեցման և շարժման ունեցվածքի առգրավման մասին կայացված որոշումը:

«Մահմեդական եղբայրության» գործունեության դադարեցման և ունեցվածքի առգրավման մասին սկզբնական որոշումն ընդունվել էր անցյալ ամիս՝ մաս կազմելով Եգիպտոսում շարժման նկատմամբ իրականացվող հետապնդումների, որոնց հետևանքով բանտարկվել է շարժման ղեկավարության մեծ մասը, ներառյալ տապալված նախագահ Մոհամեդ Մորսիին:

«Մահմեդական եղբայրությունը» բողոքարկել էր դատարանի որոշումը, սակայն Կահիրեի հրատապ գործերով դատարանի կողմից չորեքշաբթի օրը կայացված որոշումն ուժի մեջ է թողել շարժման գործունեության արգելքն ու ունեցվածքի առգրավման մասին ավելի վաղ կայացված վճիռը:

«Մահմեդական եղբայրությունը» գործունեությունն անօրինականացվել էր դեռևս 1920-ականներին՝ շարժման հիմնադրման սկզբից, սակայն 2011 թվականին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո շարժումը դուրս էլ եկել ընդհատակից՝ հիմնադրելով քաղաքական կուսակցություն: Մուբարաքի տապալումից հետո շարժումը վերածվել էր քաղաքական ազդեցիկ ուժի, որը հաղթանակ էր տարել ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրություններում, սակայն այս տարվա հուլիսին նախագահ Մորսիի տապալումից հետո շարժման զբաղեցրած դիրքերը խարխլվել են:
XS
SM
MD
LG