Մատչելի հղումներ

Եգիպտոսի նախագահն անտեսել է իր հրաժարականի պահանջները


Եգիպտոսի նախագահն անտեսել է իր հրաժարականի պահանջները
Եգիպտոսի նախագահն անտեսել է իր հրաժարականի պահանջները

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից կառավարությունը ցրվելուց և իր պաշտոնավարությունը դադարեցնելու կոչերն անտեսելուց մի քանի ժամ անց Կահիրեում կրկին հավաքվել են ցուցարարների մեծ խմբեր։

Երկրի պետական հեռուստատեսությամբ շաբաթ օրը պաշտոնապես հայտարարվել է Մուբարաքի կառավարության հրաժարականի մասին։

Փորձելով խաղաղեցնել բազմահազարանոց ցույցերի մասնակիցներին՝ Մուբարաքը, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, ուրբաթ օրը երեկոյան խոստացել էր շաբաթ օրը նշանակել նոր կառավարություն և իրականացնել քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ։

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության նախկին գլխավոր տնօրեն Մուհամեդ ԷլԲարադեյը, որը մի քանի օր առաջ է վերադարձել հայրենիք, հայտարարել է, թե Մուբարաքը պիտի հեռանա իշխանությունից, քանի որ, ասել է նա, "Մուբարաքը չի հասկացել ժողովրդի ուղերձը": ԷլԲարադեյը նաեւ սուր քննադատության է ենթարկել Մուբարաքի կողմից ժոլովրդին հղված ուղերձը:

Եգիպտոսի բջջային երկու ծառայությունները, որոնց աշխատանքը դադարեցվել էր մոտ 24 ժամով, շաբաթ օրը վերսկսել են ծառայությունների մատուցումը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը դիմել էր Եգիպտոսի իշխանություններին՝ կոչ անելով վերականգնել համացանցային և հեռահաղորդակցային ծառայությունների մատուցումը և զերծ մնալ խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ գործադրելուց։

Հազարավոր ցուցարարներ անտեսել են հայտարարված պարետային ժամը։ Կահիրեում, որտեղ գիշերային ժամերին փողոցներում հրասայլեր են շրջել, բազմաթիվ շենքերում շարունակվում են հրդեհները։

Պաշտոնական տվյալների համաձայն, վերջին օրերի ընթացքում զոհվել է առնվազն 35 մարդ, ներառյալ ոստիկանության տասը աշխատող, սակայն որոշ լրատվամիջոցներ հայտնել են զոհվածների ավելի բարձր՝ առնվազն 74-ի հասնող թվի մասին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։

Կահիրեի օդանավակայանում կուտակվել են երկիրը լքել ցանկացող բազմաթիվ զբոսաշրջիկներ և տեղի բնակիչներ։

XS
SM
MD
LG