ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ Եգիպտոսի զինված ուժերում երկրորդ բարձրագույն պաշտոնը զբաղեցնող սպան` գեներալ-լեյտենանտ Սամի Անանը հավաստիացրել է ԱՄՆ-ին, որ ներկայիս խռովությունների ընթացքում Եգիպտոսի բանակը ջանքեր է գործադրելու` երկրում կայունություն ապահովելու նպատակով:
ԱՄՆ-ի զինված ուժերի բարձրաստիճան սպա, ծովակալ Մայք Մուլենի համաձայն, անկայուն այս իրավիճակում Եգիպտոսի զինված ուժերը իրենց գերազանց են դրսևորել: Մուլենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Եգիպտոսի զինված ուժերը շարունակելու են սերտ համագործակցությունը` անկախ բողոքի ցույցերի արդյունքներից:
Եգիպտոսի 500 հազար ծառայող ունեցող բանակը վերահսկողության տակ է վերցրել կառավարական շենքերը և հայտնել «Եգիպտոսի ժողովրդի օրինական շահերը ճանաչելու» մասին:
Նախագահի պաշտոնում մնալու Հոսնի Մուբարաքի հնարավորությունը մեծապես կախված է բանակի դիրքորոշումից: Բանակը երկրում մեծ հեղինակություն է վայելում, մինչդեռ, Եգիպտոսի քաղաքացիների գնահատականների համաձայն, ոստիկանության ուժերում տարածված են կաշառակերությունը և բռնությունները: