Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հանդիպումներ է ունեցել Թուրքիայում անցկացվող տարածաշրջանային տնտեսական գագաթաժողովին մասնակցող պետությունների ղեկավարներին հետ։ Իրանի նախագահը դիմել է տնտեսական օգնության, որի անհրաժեշտությունը բխում է՝ Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի կապակցությամբ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու պատճառով։
Ահմադինեջադը Ստամբուլում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում հանդես է եկել ելույթով՝ ասելով, որ կազմակերպությունն ունի համագործակցության զգալի ներուժ։
Այս գագաթաժողովն անցկացվում է աշխարհի վեց տերությունների և Իրանի միջև միջուկային ծրագրի վերաբերյալ Ստամբուլում կայանալիք բանակցություններից մեկ ամիս առաջ։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիան, որպես հյուրընկալող կողմ, ջանքեր է գործադրելու՝ բանակցություններն արդյունավետ անցկացնելու ուղղությամբ։ Նրա խոսքերով, անհրաժեշտ է պահպանել Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված դրական տեղաշարժը։
Անդրադառնալով գագաթաժողովի ընթացքում քննարկվող տնտեսական խնդիրներին՝ «Անադոլու» գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կոչ է արել Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին մասնակցել կազմակերպության կողմից հիմնադրված առևտրային և զարգացման նպատակներ հետապնդող բանկի գործունեությանը։ Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել ամրապնդել կապերը էներգետիկայի և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև բարելավել երկաթուղային հաղորդակցությունը Թուրքիայի և ՏՀԿ–ն անդամ պետությունների միջև։
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին Թուրքիայի, Իրանի և Պակիստանի կողմից։ Կազմակերպությանը անդամակցում են նաև Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը: