Ստամբուլի անչափահասների դատարանում երկուշաբթի օրը կսկսվի Հրանտ Դինքի սպանության մեջ գլխավոր կասկածյալի դատավարությունը:
Ստամբուլի դատարանը, որտեղ մինչ այժմ պահվում են գլխավոր կասկածյալ Օղուն Սամասթը եւ 20 այլ կասկածյալներ, հոկտեմբեր ամսին էր կայացրել որոշում այն մասին, որ դատը պիտի տեղի ունենա անչափահասների դատարանում, քանի որ հանցագործությունն իրականացնելու ժամանակ Սամասթն ունեցել է 18-ից ցածր տարիք:
Դինքի դատապաշտպաններն ու բարեկամները հայտարարում են, որ չնայած որոշումը բխում է առկա օրենքից, այն չի կարող արտահայտել գործի ամբողջ ծանրությունը:
Դատապաշտպաններից Քեմալ Այթաջի խոսքերով, ծանր հանցագործությունները անչափահասների դատարան տեղափոխելով, առաջ կգան լուրջ խնդիրներ: “Իսկ ամենավատ զարգացումն այն է”, ասել է դատապաշպանը, “որ Դինքի անվտանգությունը պաշտպանելու պատասխանատվությունը կրող պաշտոնյաներն ընդգրկված չեն դատական այս գործի մեջ”:
“Ակոս” հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացնելու համար Սամաստին սպառնում է 18-ից 24 տարվա ազատազրկում եւ եւս 8.5-ից մինչեւ 18 տարի` ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու եւ չգրանցված զենք կրելու համար: