Մատչելի հղումներ

«Ընտրարշավի ընթացքում թվային տեխնոլոգիաների օգտագործումը սկսում է նմանվել սպառազինությունների մրցավազքի»


«Երկու կողմերի միջև տեխնոլոգիական պատերազմը շարունակելու է թափ հավաքել». փորձագետ

«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ընտրապայքարի ընթացքում օգտագործվող թվային ենթակառուցվածքը դուրս է բերվել փողոցներ՝ զինելով տեղում գործող ակտիվիստներին շարժական սարքերի համար նախատեսված ծրագրերով, որոնք թույլ են տալիս որոշել դեմոկրատական կուսակցության ջատագով ընտրողների գտնվելու և քարոզչական գործունեության իրականացման վայրը՝ միաժամանակ ավելացնելով անձնական տվյալների գաղտնիության կողմ հանդես եկող ակտիվիստների մտահոգությունները հնարավոր չարաշահումների մասին»:

Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը, որը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ հնարավոր է դարձել ներբեռնել «Apple» ընկերության «iPhone» սարքի հետ համատեղելի մի ծրագիր, որն օգտագործում է գրանցված ընտրողների մասին հասարակությանը հայտնի այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անունն ու ազգանվան սկզբնատառը, տարիքը, սեռն ու բնակության հասցեն:

Նախագահ Օբամայի ընտրարշավի պատասխանատուների համաձայն, «Google» ընկերության կողմից մշակված «Android» ծրագրային շարժական հարթակի համար նախատեսված ծրագրի տարբերակը շրջանառության մեջ է դրվելու հինգշաբթի օրը:

«Օբաման Ամերիկայի համար» ծրագիրը, մոտակայքում գտնվող դեմոկրատներին գումարային օգնություն տրամադրել դիմելու նպատակով անմիջապես տեղորոշելու և գրանցելու, ինչպես նաև հավաքված տեղեկությունները տվյալների շտեմարան ուղարկելու հատկությունից բացի, մուտք է տրամադրում դեպի Օբամային վերաբերող բազմաթիվ տվյալներ: Այն թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ դիտել և սոցիալական ցանցերում հրապարակել ընտրարշավին վերաբերող հաղորդագրություններն ու գտնել մոտակայքում անցկացվող քաղաքական հանդիպումները:

Սակայն օտար մարդկանց անուններն ու հասցեները հասանելի լինելու հնարավորությունն առաջացրել է նաև անձնական տվյալների գաղտնիության պաշտպանության ոլորտում գործող բազմաթիվ ակտիվիստների մտահոգությունը:

«Ժողովրդավարության և տեխնոլոգիայի կենտրոն» կազմակերպության սպառողների գաղտնիության փորձագետ Ջասթին Բրուքմանի համաձայն, իր մտահոգությունը չեն առաջացնում գումար հայթայթելու նպատակով ուղարկվող դիմումները:

«Մտահոգությունն առաջացնում է այն հանգամանքը, որ այս տեղեկությունները կարող են հասանելի դառնալ վատ մտադրություններ ունեցող անձանց, և այդ մտավախությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ մարդկանց կողմից գումարային հատկացումներ կատարելու համար», - ասում է Բրուքմանը:

Օբամայի ընտրարշավի պաշտոնյաների համաձայն, նրանք չափազանց լուրջ են վերաբերվում անհատական տվյալների գաղտնիության ապահովման խնդրին և պատժամիջոցներ կձեռնարկեն չարաշահման դեպքում:

Նախագահ Օբամայի մրցակից Միթ Ռոմնիի նախընտրական գրասենյակը հուլիսի 31-ին է շրջանառության մեջ դրել շարժական սարքերի համար նախատեսված ծրագիրը, որի նպատակն է՝ տեղեկացնել ընտրողներին Ռոմնիի թիմակից ընտրելու մասին, որի վերաբերյալ տեղեկություններ կարող են հրապարակվել գալիք մի քանի օրվա ընթացքում: Ռոմնիի նախընտրական արշավի պատասխանատուները սակայն հրաժարվել են ներկայացնել ծրագրի հետագա զարգացման որևէ կանխատեսումներ:

Տեխնոլոգիաների ոլորտի վերլուծաբան Ռոջեր Քեյի համաձայն, ընտրարշավների ընթացքում թվային տեխնոլոգիաների օգտագործումը սկսում է նմանվել սպառազինությունների մրցավազքի, քանի որ թեկնածուների նախընտրական շտաբները սկսում են մեծ գումարներ ծախսել հասանելի տեխնոլոգիաները լավագույն եղանակով օգտագործելու կարողություն ունեցող բանիմաց ծրագրավորողների ծառայություններից օգտվելու վրա:

«Երկու կողմերի միջև տեխնոլոգիական այս պատերազմը շարունակելու է թափ հավաքել», - ասել է Քեյը:
XS
SM
MD
LG