Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող մզկիթից դուրս տեղի ունեցած հրաձգության պատճառով զոհվել է մեկ, վնասվածքներ ստացել` առնվազն մեկ մարդ:
Հրաձգությունը տեղի է ունեցել Ռամադան ամսվա ավարտը նշանավորող պակիստանցի հավատացյալների կողմից աղոթքների անցկացումից հետո: Այս միջոցառումն անցկացվել է Կոպենհագենի Վեստերբրո շրջանի Մահմեդական մշակույթի ինստիտուտում:
Տեղի ունեցածը սկսվել է որպես անհամաձայնություն երկու խումբ երիտասարդների միջև:
Ականատեսներից մեկի համաձայն, դրանից հետո լսվել է 15-ից 20 կրակոց, որոնց պատճառով դեպքի վայրի մոտակայքում գտնվող կանայք և երեխաները փորձել են թաքնվել մեքենաների հետևում:
Դանիայի ոստիկանությունը փակել է մուտքը դեպի մզկիթը, հետաքննությունը շարունակվում է:
Ձերբակալությունների մասին որևէ հաղորդագրություն դեռևս չկա: