Վերմոնտից անկախ սենատոր Բըրնի Սանդերսին, ով դեմոկրատների հետ համակարծիք է Սենատում, «ՍիԲիԷս նյուզ»-ի եթերում դեմ առ դեմ բանավեճի ժամանակ հարց ուղղեցին՝ ինչպես է համոզելու ընտրողներին, որ ինքն ավելի լավ կկառավարի տնտեսությունը, քան նախագահ Թրամփը։
«Անցած տարի միջին աշխատողի համար իրական աշխատավարձի բարձրացումը 1%-ից ցածր էր: Մեր ժողովրդի կեսը ապրում է աշխատավարձից աշխատավարձ: Սա ամերիկյան ժողովրդի համար աշխատող տնտեսություն չէ, սա 1%-ի համար աշխատող տնտեսություն է: Մենք պատրաստվում ենք տնտեսություն ստեղծել բոլորի համար»,-ասաց նա:
Սանդերսը խոստացավ ընդլայնել Ամերիկայի տարեց քաղաքացիների բժշկական ապահովագրության ծրագիրը, այն հասանելի դարձնել բոլորին՝ անկախ տարիքից:
Բայց նրա մրցակիցները, ներառյալ Մինեսոտայից ընտրված սենատոր Էմի Քլոբուչարը, պնդում են՝ առողջության և կրթության համար սոցիալական բարեկեցության ծախսերը կտրուկ ավելացնելու Սանդերսի ծրագրերը չափազանց թանկ կարժենան:
Քլոբուչարի խոսքերով, Սանդերսը «6Օ րոպե» հաղորդման ժամանակ ասել էր, թե ինքը չի պատրաստվում մեծ ուշադրություն դարձնել 5 կամ 1Օ ցենտի վրա։ «Սակայն թույլ տվեք ասել, թե քանի ցենտի մասին է խոսքը՝ մոտ 6Օ տրիլիոն դոլարի։ Ուրեմն պատկերացնել կարելի է, թե ինչ է նրա ներկայացրած ծրագիրը նշանակում»,- հայտարարեց Քլոբուչարը։
«Ճիշտ չէ»,- պատասխանեց Սանդերսը:
«Դա ամերկյան տնտեսության ամբողջ ծավալի եռապատիկն է»,-հավելեց Քլոբուչարը:
Նախկին փոխնախագահ Ջո Բայդընը 2015-ին Չարլսթոնի հիմնականում սեւամորթ ամերիկացիներին պատկանող եկեղեցում տեղի ունեցած հրազենային հարձակման փաստն օգտագործեց՝ հակադրվելով Սանդերսին, որը ժամանակին դեմ էր արտահայտվել նմանատիպ հարձակումների դեպքում զենք արտադրող ընկերություններին պատասխանատվության ենթարկելու մասին օրինագծին։
«Բըրնին 5 անգամ է դեմ քվեարկել Բրեդիի օրինագծին»-հայտարարեց այդենը:
Սանդերսի ընդդիմախոսները նաև ասում են, որ ձախակողմյան բռնակալների, ինչպես օրինակ Ֆիդել Կաստրոյի նկատմամբ տասնամյակներ շարունակ նրա դրական գնահատականը մերժում կստանա երկրի չափավորական և պահպանողական ընտրողների կողմից:
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգն անգամ նշեց, որ Սանդերսն օգտագործվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:
«Ըստ իսՎլադիմիր Պուտինը կարծում է, որ Դոնալդ Թրամփը պետք է Ամերիկայի նախագահը լինի: Այդ պատճառով է Ռուսաստանն օգնում ձեզ ընտրվելու որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու, որպեսզի դուք էլ պարտվեք Թրամփին»,-ասաց նա:
Բայդենը, ով ժամանակին եղել է Դեմոկրատական կուսակցության ամենաբարձր վարկանիշն ունեցող հավակնորդը, Հարավային Քարոլինայում առաջատար դիրքերում է Սանդերսի նկատմամբ, սակայն փորձագետներն ասում են՝ Սանդերսը եվս ունի այստեղ հաղթելու հնարավորություն, ինչն այդ դեպքում նրան կդնի առաջատարի դիրքում ասպես կոչված «Սուպեր երեքշաբթի»-ից երեք օր առաջ, երբ այդ օրն ընտրվելու է ավելի քան 1300 պատվիրակ։