Մատչելի հղումներ

Դավութօղլու. «Հայաստանը պետք է ճանաչի իր կարողությունների սահմանը»


«Բոլորի սթափ դատելու կոչ եմ անում: Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հույժ կարևոր է մեզ համար»

«Հայաստանը պետք է ճանաչի իր կարողությունների սահմանները», - ասել է Ադրբեջան այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ հավելելով, որ իրենց սահմանները պետք է ճանաչեն նաև բոլոր նրանք, ովքեր «Թուրքիայից ցանկանում են խլել նույնիսկ մեկ քար»:

«Նույնիսկ անթույլատրելի է մտածել նման բաների մասին», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ արձագանքելով Հայաստանի գլխավոր դատախազի կողմից վերջերս ներկայացված այն տեսակետին, որի համաձայն Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում Հայոց ցեղասպանության ժամանակից կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:

«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե Հայաստանի պաշտոնյայի կողմից արված հայտարարությունը «հալյուցինացիայի» արդյունք է եղել՝ կարծիք արտահայտելով այն մասին, որ «Կովկասում խաղաղության հնարավոր կլինի հասնել միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերը ճանաչեն իրենց սահմանափակումներն ու սահմանները»:

«Բոլորի սթափ դատելու կոչ եմ անում: Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հույժ կարևոր է մեզ համար», - ասել է նախօրեին Բաքու այցելություն կատարած Դավութօղլուն, որին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովը տեղեկացրել էր հուլիսի 12-ին Վիեննայում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին:

Արտգործնախարար Մամադյարովը, բացի այդ, նշել էր, որ Ադրբեջանը սատարում է արցախյան հակամարտության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը:

Հիշեցնենք, որ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ Աղվան Հովսեփյանը մասնավորապես ասել էր. «Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:
XS
SM
MD
LG