Մատչելի հղումներ

Քլինթըն. «ԱՄՆ-ը կավելացնի Սիրիայի ապստամբներին տրամադրվող օգնությունը»


«Սիրիայի ընդդիմությունը պետք է պատրաստ լինի երկրի բոլոր բնակիչների իրավունքները պաշտպանող անցումային կառավարության ձևավորման»

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ Միացյալ Նահանգներն ավելացնում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին տրամադրվող օգնության ծավալները:

Քլինթընն այս կապակցությամբ որևէ մանրամաս չի տրամադրել, սակայն երեքշաբթի օրը նշել է, որ Միացյալ Նահանգները տրամադրում է բուժօգնության պարագաների և հեռահաղորդակցման միջոցների տեսքով «ոչ մահացու» օգնություն:

Միացյալ Նահանգների արտգործնախարարը հայտնել է, որ Վաշինգտոնն այժմ գործում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակներից դուրս, քանի որ Անվտանգության խորհրդում Ռուսաստանն ու Չինաստանը վետոյի իրավունք են կիրառել այն բանաձևերի նկատմամբ, որոնք կարող էին մեծ ազդեցություն գործել Ասադի վարչակարգի վրա:

Քլինթընն ասել է նաև, որ Սիրիայի ընդդիմությունը գնալով վերահսկողություն է հաստատում երկրի է՛լ ավելի մեծ տարածքների նկատմամբ, որոնք վերջ ի վերջո կվերածվեն ապստամբների «ապահով ապաստանի և գործողությունների համար հենակետերի»:

Միացյալ Նահանգների արտգործնախարարը նշել է նաև, որ Սիրիայի ընդդիմությունը պետք է պատրաստ լինի երկրի բոլոր բնակիչների իրավունքները պաշտպանող և քիմիական ու կենսաբանական զինանոցի անվտանգությունն ապահովող անցումային կառավարության ձևավորման:
XS
SM
MD
LG