ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Սիրիան չի կարող լինել խաղաղ, կայուն և ժողովրդավարական երկիր, երբ երկիրը ղեկավարում է նախագահ Բաշար ալ-Ասադը:
Թուրքիա կատարվող այցի շրջանակներում Ստամբուլում հանդես գալով լրագրողների առջև՝ Քլինթընն ասել է, թե «Ադասը կրկնապատկել է իր կողմից գործադրվող բռնություններն ու իր երկերեսությունը», և եկել է ժամանակը, երբ միջազգային հանրությունը պետք է մեկնարկի աշխատանքը «հետասադյան» ժամանակաշրջանի Սիրիայի ապագայի մշակման ուղղությամբ:
«Այս ծրագրի շուրջ, որը պետք է լինի իրագործելի և հավատք ներշնչի Սիրիայում ցույցեր և երթեր անցկացնող, հանուն մարդու համընդհանուր իրավունքների տառապող և զոհվող մարդկանց, անհրաժեշտ է միավորել միջազգային հանրությունը», - ընդգծել է արտգործնախարար Քլինթընը:
Քլինթընն այս հայտարարությամբ հանդես է եկել այն ժամանակ, երբ Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական լիգայի պետությունների խաղաղության հանձնակատար Քոֆի Անանը պատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային ներկայացնել զեկույց Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Սիրիայի ակտիվիստներն իրենց հերթին հայտնել են, որ երկրի Համա կենտրոնական նահանգում չորեքշաբթի օրը կառավարությանը սատարող զինյալ ստորաբաժանումների կողմից նոր սպանդ է իրականացվել:
Ակտիվիստների համաձայն, նահանգի ալ-Քուբեյր ու Մաազարիֆ գյուղերում իրականացված ջարդի պատճառով զոհվել է առնվազն 78 մարդ, որոնց թվում կային կանայք և երեխաներ: