Մատչելի հղումներ

Կիևում խախտվել է զինադադարը


Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում խախտվել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների միջև զինադադարի մասին մի քանի ժամ առաջ ձեռք բերված համաձայնություն, նոր բախումների ընթացքում զոհվել է առնվազն 17 մարդ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում խախտվել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների միջև զինադադարի մասին մի քանի ժամ առաջ ձեռք բերված համաձայնությունը:

Նոր բախումների ընթացքում, ականատեսների համաձայն, զոհվել է առնվազն 17 մարդ:

Կիևում նոր բռնությունների մասին հաղորդագրությունները ստացվել են այն ընթացքում, երբ Եվրամիության անդամ երեք պետությունների արտգործնախարարները ծրագրում են քննարկել Ուկրաինայում չդադարող ճգնաժամը երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

Եվրամիությունը հինգշաբթի ավելի ուշ նախատեսում է արտակարգ հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու համար Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների համար պատասխանատվություն կրողների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների սահմանումը:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմության առաջնորդներն ավելի վաղ համաձայնվել էին հայտարարել «զինադադար» և սկսել ուղիղ բանակցություններ՝ վերջ տալու համար երկրում գնալով սաստկացող բռնություններին:

Այս մասին հայտարարություն էր հրապարակվել Ուկրաինայի նախագահի կայքում՝ Կիևում Ուկրաինայի ընդդիմության հիմնական երեք առաջնորդների հետ անցկացված բանակցություններից հետո:

Ուկրաինայում ընդդիմության հետ «զինադադար» հայտարարելուց ժամեր առաջ նախագահ Յանուկովիչն աշխատանքից հեռացրել էր երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, իսկ Ուկրաինայի զինված ուժերը հանդես էին եկել ամբողջ երկրում «ահաբեկչական խմբավորումների» նկատմամբ միջոցառումների ձեռնարկելու մասին:

Ուկրաինայի նախագահը որևէ բացատրություն չի ներկայացրել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մեքսիկա կատարվող իր այցի ընթացքում դատապարտել է բռնություններն Ուկրաինայում՝ ասելով, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ այս երկրի կառավարությունը առավելագույն զսպվածություն կցուցաբերի, և զգուշացնելով, որ չափից ավելի ուժ կիրառելը կարող է հետևանքների հանգեցնել:
XS
SM
MD
LG