Մատչելի հղումներ

Չինական ընկերությունը նախատեսում է գնել ԱՄՆ-ում խոզի մսի խոշորագույն արտադրողներից մեկին


Հնարավոր գործարքը մտահոգություններ է առաջացրել Միացյալ Նահանգներում

Չինաստանի «Shuanghui International» ընկերությունը ծրագրում է գնել ԱՄՆ-ում խոզի միս արտադրող ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Smithfield» ընկերությունը: Նման գործարքը նպատակ է հետապնդում բավարարելու Չինաստանում ԱՄՆ-ի արտադրության խոզի մսի նկատմամբ աճող պահանջարկը, սակայն միաժամանակ մտահոգություններ է առաջացնում Միացյալ Նահանգներում:

Գործարքը, հաստատվելու դեպքում, կդառնա Չինաստանի ընկերության կողմից ամերիկյան ընկերության գնման ամենխոշոր դեպքը, քանի որ «Smithfield» ընկերության շուկայական արժեքը, ներառյալ ընկերության պարտքերը, գնահատվում է 7,1 միլիարդ դոլար:

Օտարերկրյա ընկերությունների կողմից անցյալում առաջարկված նման բոլոր գործարքների նման, այս գործարքը նույնպես կուսումնասիրվի Միացյալ Նահանգներում օտարերկրյա ներդրումների հանձնաժողովի կողմից՝ գործարքով ազգային անվտանգությանը ներկայացվող հնարավոր վտանգների ուսումնասիրման նպատակով:

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներից առնվազն մեկը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այս գործարքը մտահոգություններ է առաջացնում պարենային անվտանգության վերաբերյալ՝ նշելով, որ «Shuanghui International» ընկերությունն անցյալում հետ է կանչել վերջինիս կողմից արտադրված աղտոտված միսը:

«Խիստ կասկածում եմ, որ ընկերությունների նման միաձուլումը բխում է Ամերիկայի սպառողների շահերից, և կոչ եմ անում դաշնային կարգավորող մարմիններին առաջնահերթություն տալ հենց նրանց մտահոգություններին», - ասված է Քոնեկտիկուտ նահանգի դեմոկրատական կուսակցության անդամ Ռուզ ԴեԼաուրոյի հայտարարության մեջ:

Հնարավոր է սակայն, որ «Smithfield»-ի գնման համար հակընդդեմ գործարքներ ներկայացվեն, քանի որ «Shuanghui International»-ի հետ միաձուլման մասին հայտարարելուց առաջ ընկերությունը բանակցություններ էր վարում Թաիլանդի «Charoen Pokphand Food» և Բրազիլիայի «JBS SA» ընկերությունների հետ:

Սմիթֆիլդ քաղաքում, որտեղ սկիզբ է առել նույնանուն «Smithfield» ընկերությունը, Չինաստանի ընկերության հետ միաձուլման մասին լուրերը ցնցում են առաջացրել:

«Դա միանգամայն ցնցող էր մեզ համար», - ասել է Սմիթֆիլդի քաղաքագլուխը՝ հավելելով. «Այժմ չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենալու: Չինաստանցիներն ասում են, որ ոչինչ չի փոխվի: Հուսով ենք՝ այդպես էլ կլինի»:
XS
SM
MD
LG