Չինաստանն այս տարի ավելացնելու է իր ռազմական ծախսերը` հասցնելով դրանք երկնիշ ցուցանիշի:
Այս հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի օրենսդիր մարմնի խոսնակ Լի Ժաոքսինը` ասելով, որ ռազմական ծախսերն ավելանալու են 12,7 տոկոսով` հասնելով 91,5 միլիարդ դոլարի, որի մի մասը կազմելու են «համապատասխան» սարքավորումների գնման և աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսերը:
Չինաստանի պաշտոնատար անձանց համաձայն, երկիրը ծրագրում է արդիականացնել զինված ուժերը, և որ այս ծրագրերը վտանգ չեն ներկայացնում իր հարևան որեւէ պետության համար: Նրանք նշել են նաև, որ Չինաստանի ռազմական բյուջեն մի քանի անգամ պակաս է ԱՄՆ-ի ռազմական բյուջեից, որը կազմում է տարեկան մոտ 850 միլիարդ դոլար:
Լիի համաձայն, Չինաստանի ռազմական բյուջեն կազմում է այս պետության բյուջեի վեց տոկոսը, ինչը Ճապոնիայի արտգործնախարար Սեիջի Մաեհարան «չափազանց բարձր ցուցանիշ» է անվանել: Վերջինս ասել է, որ Չինաստանի կողմից ռազմական նպատակներով ծախսվող միջոցների ծավալները «չեն կարող չհարուցել» Ճապոնիայի մտահոգությունը: