Մատչելի հղումներ

Հնդկաստանն ու Չինաստանը պաշտպանության ոլորտում համաձայնագիր են ստորագրել


Համաձայնագրով նախատեսվում է բարելավել Չինաստանի և Հնդկաստանի զինված ուժերի միջև առկա հաղորդակցությունը և ընդլայնել համագործակցությունը երկու կողմերի ջանքերը պահանջող աշխատանքների իրականացման գործում

Տարածաշրջանային վաղեմի մրցակից երկու պետություններ՝ Հնդկաստանն ու Չինաստանը, չորեքշաբթի օրը համաձայնության են եկել ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում՝ Հիմալայան լեռներում երկու պետությունների միջև անցնող սահմանի երկայնքով, որտեղ հաճախակի լարվածություն է գրանցվում:

Երկու պետությունների միջև վստահության ամրապնդման մասին համաձայնագիրը չորեքշաբթի օրը ստորագրվել է Պեկինում՝ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի և Չինաստանի իր գործընկեր Լի Քեչանգի միջև անցկացված հանդիպումից հետո:

Համաձայնագրով նախատեսվում է բարելավել Չինաստանի և Հնդկաստանի զինված ուժերի միջև առկա հաղորդակցությունը և ընդլայնել համագործակցությունը երկու կողմերի ջանքերը պահանջող աշխատանքների իրականացման գործում, այս թվում՝ մաքսանենգության և տարերային աղետների հետևանքների վերացման ոլորտներում:

Համաձայնագրում, բացի այդ, կողմերին կոչ է արվում «դրսևորել առավելագույն զսպվածություն»՝ տարաձայնությունների պատճառը հանդիսացող վայրերում բախումների գրանցման դեպքում:

Հնդկաստանի վարչապետ Սինգհը նշել է, որ համաձայնագիրը հնարավորություն կընձեռի երաշխավորելու, որ Հնդկաստանի և Չինաստանի միջև արդեն մի քանի տասնամյակ շարունակվող սահմանային վեճը չավելացնի երկու պետությունների միջև հարաբերություններում առկա լարվածությունը:

Չինաստանի վարչապետն իր հերթին ասել է, որ սահմանային վեճը չպետք է խոչընդոտի երկկողմանի հարաբերություններին:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հնդկաստանը մեղադրել էր Չինաստանի զորքերն իր տարածք առնվազն 10 կիլոմետր խորանալու և այնտեղ ռազմակայան հիմնադրելու մեջ: Չինաստանը սակայն հերքել էր Հնդկաստանի տարածք անցնելու մեղադրանքները:
XS
SM
MD
LG