Մատչելի հղումներ

Չինաստանը իր տնտեսությունը ուղղում է դեպի ներքին շուկա


Investors look at computer screens showing stock information at a brokerage house in Shanghai, China, July 8, 2015.
Investors look at computer screens showing stock information at a brokerage house in Shanghai, China, July 8, 2015.

Ըստ Պեկինի պաշտոնական տվյալների, հակառակ կանխատեսումներին, Չինաստանի տնտեսական աճը թեթևակի ավելի արագ է զարգանում վերջին եռամսյակում: Չինաստանը իր տնտեսությունը ուղղում է դեպի ներքին շուկա, սակայն վերջին վայրիվերումները մեծ վնաս են հասցրել տնտեսության աճին

Չինաստանում երկրորդ եռամսյակում առկա 7 տոկոս աճը գրեթե հավասար է նախորդ եռամսյակի արդյունքներին, սակայն այն եռամսյակային աճի ամենացածր ցուցանիշն է 2009 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր:

Աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունում վերջին տարիներին դիտարկվել է արագ տնտեսական աճի կտրուկ դանդաղում, ի տարբերություն երեք տասնամյակ տևած երկնիշ տնտեսական աճին:

Ըստ Չինաստանի ազգային վիճակագրական գործակալության խոսնակ Շենգ Լաիյունի, տնտեսական իրավիճակը դեռևս շարունակում է բարդ մնալ. «Համաշխարհային տնտեսությունը դանդաղ է վերականգնվում և Չինաստանի տնտեսության կայունացման հիմնական բաղադրիչները դեռևս ամրապնդման կարիք ունեն:

Չինաստանի համայնավարական կուսակցությունը 2015 թվականի համար առաջադրել է 7 տոկոս տնտեսական աճի ապահովման բավականին համեստ նպատակ։ Թեեւ այն մեծ ցուցանիշ է հզոր երկրի տնտեսության համար, վերջին քառորդ դարում այն այդ երկրի աճի ամենացածր ցուցանիշն է: Չին ղեկավարները հանդուրժողական են ավելի համեստ աճի ցուցանիշների նկատմամբ, քանի որ քայլեր են ձեռնարկում վերաուղղելու իրենց տնտեսությունը արտաքին ուղղվածությունից դեպի ներքին սպառման կայուն շուկաների զարգացումը: Եթե տնտեսության աճը դանդաղի շատ արագ, այն կարող է հանգեցնել բազմաթիվ աշխատատեղերի կրճատման, որը կարող է սոցիալական ու քաղաքական անկայունություն առաջ բերել մեկ միլիարդ 35Օ միլիոն բնակչություն ունեցող երկրում:

Տնտեսական աճի ցուցանիշները բարձր էին մինչ հունիսի երեսունը ընկած ժամանակահատվածը՝ կապված արժեթղթերի շուկայի աճի հետ: Արժեթղթերի շուկան հունիսի տասներկուսին հասավ իր գագաթանիշին և ապա՝ հետևած տատանումների արդյունքում կորցրեց չորս տրիլիոն դոլար՝ իր արժեքի 32 տոկոսը: Այս վայրիվերումային ճգնաժամի հետևանքները պարզ կդառնան հաջորդ եռամսյակում: Չինաստանի վարչապետ Լի Կեքիյանգը վերջին օրերին հավաստիացնում է ներդրողներին, որ տնտեսությունը ու երկրի վարած քաղաքականությունը կմնան ամուր ու անփոփոխ: Սակայն կառավարությունը ավելի ճշգրիտ ու արդյունավետ քայլեր կձեռնարկի՝ կայուն ու հուսալի տնտեսական աճ ապահովելու համար:

Պեկինը նոր խիստ կանոններ է կարգել բաժնետոմսերի առքուվաճառքի նկատմամբ, սառեցնելով մի շարք արժեթղթերի առևտուրը և ստիպելով ներդրող հիմնադրամներին միլիարդավոր դոլարներ ներբերել, շուկայի կտրուկ անկումը արգելակելու համար: Ըստ որոշ վերլուծաբանների, արժեթղթերի շուկայում 4 տրիլիոն դոլարի անկումը հարվածել է միլիոնավոր սպառողների, ինչը հարված է վարչապետի ներքին սպառման շուկայի զարգացման ջանքերին: Ավելին, այն մեծ հարված է հասցրել Չինաստանում տեղական միջին ու փոքր ձեռներեցության զարգացմանը, քանի որ արժեթղթերի շուկան նրանց համար ստանձնել էր վարկերին փոխարինող էժան ներդրումների աղբյուր:

XS
SM
MD
LG