Մատչելի հղումներ

Շերը վրդովված է Ադելաիդա քաղաքի իրեն հանձնած բանալին «eBay»-ում վաճառելու հանգամանքով


Ամերիկացի հանրաճանաչ կատարող և դերասանուհի Շերը (Շերելին Սարգսյանը) փորձում է պարզել, թե ինչպես մոտ 20 տարի առաջ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի իրեն հանձնած բանալին վաճառվեց «eBay» կայքում մոտ 100 հազար դոլարով:

Բանալին, ինչպես նաև բանալիին կից հուշատախտակը չորեքշաբթի օրը վաճառվել են համացանցային աճուրդում՝ աճուրդի մի մասնակցի կողմից, որը պնդում է, թե այս առարկաները ստացել է անմիջապես փոփ աստղի Կալիֆորնիա նահանգում գտնվող տանից:

Ադելաիդայի քաղաքագլուխ Ստիվեն Յարվուդն իր հիասթափություն է հայտնել բանալիի վաճառքի հանգամանքով՝ ասելով, թե «գումար ստանալու համար այս առարկայի վաճառքը ամոթալի փաստ է»:

65-ամյա Շերը «Twitter» կայքում հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն այս միջադեպն «իրեն շատ է տխրեցրել», և ինքը փորձում է պարզել բոլոր մանրամասները: Նա ասել է նաև, որ պատասխանատվությունը կարող է ընկնել իր գրասենյակի աշխատողներից մեկի վրա:

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի բանալի հանձնվել է Շերին՝ որպես քաղաքում «Ֆորմուլա-1» մրցավազքի գլխավոր մրցանակի անցկացման ընթացքում ունեցած ելույթի հիշատակ:

Բանալին համացանցային «eBay» աճուրդում ստացել է 146 առաջարկ՝ բաժին հասնելով 95900 դոլար ամենամեծ առաջարկը ներկայացրած անձին: Վաճառքն իրականացրած «eBay»-ի «authentic_cher» մականունով օգտվողը հայտնել է, թե վաճառքից ստացված գումարը ծախսվելու է բարեգործական նպատակներով:

XS
SM
MD
LG