Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ. «Ալժիրում շարունակվում են պատանդների ազատ արձակմանն ուղղված գործողությունները»


Ալժիրում վերջին զարգացումներն առաջացրել են նաև Միացյալ Նահանգների մտահոգությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի համաձայն, Ալժիրի զինված ուժերը դեռևս շարունակում են Սահարա անապատում գտնվող բնական գազի գործարանում իսլամիստ զինյալների կողմից վերցված պատանդների ազատ արձակմանն ուղղված գործողությունները:

Քեմերոնը, Լոնդոնում ուրբաթ օրը հանդես գալով երկրի օրենսդիրների առջև ասել է, թե զրուցել է Ալժիրի վարչապետի հետ: Ալժիրի վարչապետը տեղեկացրել է Քեմերոնին, որ «ալ-Քաիդա»-ի հետ առնչություն ունեցող զինյալների կողմից հրահրված ճգնաժամը դեռևս չի ավարտվել:

«Նա ասել է, թե ահաբեկիչները փորձել են փախուստի դիմել, ասել է նաև, որ պատանդների կյանքին կարող է մեծ վտանգ սպառնալ և պատշաճ են համարել դիմել պատասխան գործողությունների: Երբ անցյալ երեկո խոսեցի Ալժիրի վարչապետի հետ, նա տեղեկացրել է ինձ, որ գործողությունների առաջին փուլն ավարտվել է: Սակայն գործարանը մեծ և բարդ կառույց է, և ահաբեկիչների հետապնդումը դեռևս շարունակվում է, քանի որ հնարավոր է, որ պատանդներ են պահվում նաև գործարանի այլ մասերում», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ալժիրի մամուլի ծառայությունն ուրբաթ օրը հայտնել է, թե երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ազատ է արձակվել օտարերկրյա պետությունների ավելի քան 60 և Ալժիրի քաղաքացի ավելի քան 570 պատանդ: Անկախ մարմինները սակայն հնարավորություն չունեն հաստատելու այս տեղեկությունները:

Երկրի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Ալժիրի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները փորձում են խաղաղության բանակցություններ վարել զինյալների հետ, որոնք դեռևս պահում են մի խումբ պատանդներ: Հաղորդագրությունում նշել է նաև, որ բնական գազի գործարանի աշխատանքը դադարեցվել է՝ պայթյունի վտանգից խուսափելու համար:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն Ավստրալիա կատարվող իր ուղևորության ընթացքում նշել է, որ Ալժիրում զինյալների կողմից պատանդներ վերցնելուն ուղղված գործողությունները ավելի մեծ և մտահոգիչ խնդրի մաս են կազմում:

«Ահաբեկչության զարհուրելի այս դրսևորումը կրկին ցույց է տվել, որ միջազգային ահաբեկչությունը վտանգ է ներկայացնում Հյուսիսային Աֆրիկայում և Սալեհում, և աշխատելով միջազգային մեր գործընկերների հետ՝ վճռական ենք այս վտանգի դեմն առնելու և հաղթահարելու գործում: Պետք է թույլ չտանք նաև, որ «ալ-Քաիդա»-ին հաջողվի ոտք դնել Եվրոպայի հարավային սահմաններին», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը նույնպես մտահոգություն է արտահայտել Եվրոպայում զինյալների խմբերի ունեցած կապերի վերաբերյալ:

Ալժիրում վերջին զարգացումներն առաջացրել են նաև Միացյալ Նահանգների մտահոգությունը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան այցելել է Լոնդոն, որտեղ 45 րոպե տևողությամբ հանդիպում է ունեցել վարչապետ Քեմերոնի հետ: Հանդիպումից հետո սակայն Պանետան որևէ հայտարարությամբ հանես չի եկել:
XS
SM
MD
LG