Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայում հրաժեշտ են տալիս «Երկաթե Լեդիին»


Լոնդոնում անցկացվող հիշատակի արարողության անվտանգության ապահովման համար փողոցներ է դուրս բերվել ոստիկանության ավելի քան 4 հազար ծառայող

Հազարավոր մարդիկ չորեքշաբթի օրը դուրս են եկել Լոնդոնի կենտրոնական փողոցներ՝ հրաժեշտ տալու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերին:

Նախկին վարչապետ Թեթչերի Մեծ Բրիտանիայի դրոշով պատած դագաղը տեղափոխվել էր Սուրբ Պողոսի տաճար, որտեղ նրան հրաժեշտ տալու համար սպասում էին ավելի քան 170 պետությունից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշատակի արարողությանը մասնակցելու համար հավաքված 2,3 հազար հյուրերի թվում էին նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթն իր ամուսին՝ արքայազն Ֆիլիպի հետ:

Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարտերսը որպես «սիրող կին և մայր» է անդրադարձել Մեծ Բրիտանիայի հանգուցյալ նախկին առաջնորդին հիշատակի արարողության ժամանակ, որի ընթացքում գովաբանությանը խոսքեր են ուղղվել Թեթչերի անձնական հատկանիշներին, այլ ոչ թե քաղաքական ժառանգությանը:

Բոստոնում իրականացված հարձակումից հետո Լոնդոնում անցկացվող հիշատակի արարողության անվտանգության ապահովման համար փողոցներ է դուրս բերվել ոստիկանության ավելի քան 4 հազար ծառայող:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը, որին իր կառավարման ոճի և կամքի համար «Երկաթյա Լեդի» էին անվանում, մահացել էր ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում՝ ուղեղի կաթվածից:

Մարգարետ Թեթչերը 1979 թվականին դարձել էլ Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը: Իր պաշտոնավարման 11 տարիների ընթացքում նա աշխարհում ձեռք էր բերել մեծ հեղինակություն:

Որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ պաշտոնավարման ընթացքում իր ամենամեծ ձեռքբերում նա համարել էր Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ «մեղմ սոցիալիզմից» դեպի ազատ շուկայական հարաբերություններ ունեցող հասարակություն կատարված շրջադարձը:

Թեթչերի առաջնորդությունն այն ժամանակ վիճահարույց էր համարվել: Նա նվազեցրել էր արհեստակցական միությունների ունեցած իշխանությունը, ինչպես նաև պետական ծախսերը, մասնավորեցրել պետական ընկերությունները: Թեթչերի գլխավորած Պահպանողական կուսակցությունը իր պաշտոնավարման օրոք կենտրոնամետից վերածվել էր աջակողմյան քաղաքական կուսակցության:
XS
SM
MD
LG