«Բրիթիշ փոթրոլիում» ընկերության կողմից տարածված հայտարարության համաձայն, շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսվել Մեքսիկական ծոցում արդեն շուրջ երկու ամիս շարունակվող նավթի արտահոսքի դադարեցման նպատակով:
Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո, բրիտանական նավթարդյունաբերող հսկան համաձայնել էր շուրջ 20 միլիարդ դոլար վճարել նավթի արտահոսքի արդյունքում առաջացած վնասները վերացնելու համար:
«Բրիթիշ փոթրոլիում»-ի կողմից հրապարակված այլ փաստաթղթերի համաձայն, Մեքսիկական ծոցում տեղի ունեցած վթարի արդյունքում նավթի արտահոսքի ծավալները կարող են հասնել օրական 100.000 տակառի:
Ի դեպ, առաջիկայում ակնկալվում է BP-ի գլխավոր տնօրեն Թոնի Հեյվըրդի այցելությունը Ռուսաստան: Այցելության ընթացքում նավթարդյունաբերող ընկերության ղեկավարը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
«Financial Times» պարբերականի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Հեյվըրդը Մեդվեդևին վստահեցնելու է, որ իր ընկերությունն ի վիճակի է լուծել Մեքսիկական ծոցի ճգնաժամի ֆինանսական վնասները: