Մատչելի հղումներ

«Հովնանյան հիմնադրամը» ամբողջությամբ կֆինանսավորի «Դեպի Հայք» ծրագիրը


«Դեպի Հայք»-ի առջև դրվել է մինչև 2015 թվականի ավարտը ծրագրի մասնակիցների թիվը եռապատկելու խնդիրը

«Դեպի Հայք» կազմակերպության հիմնադիր Էդել Հովնանյանը, որի ընտանիքի հիմնադրամը կազմակերպության հիմնադրման ժամանակից ծածկել է ընթացիկ ծախսերի գրեթե 50 տոկոսը, հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Հովնանյան ընտանիքի հիմնադրամը պարտավորություն է ստանձնել 2014 թվականի հունվարի 1-ից հոգալ կազմակերպության ընթացիկ ծախսերն ամբողջությամբ:

Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ում լույս տեսնող «Արմենիան Ռեփորթեր» պարբերականը, որի համաձայն ԱՄՆ-ում կազմակերպության տնօրեն Լինդա Յեպոյանն իր երախտագիտությունն է հայտնել «Հրայր և Աննա Հովնանյան ընտանիքի հիմնադրամ»-ին, որը, ըստ Յեպոյանի, առաջին իսկ օրվանից սատարել է կազմակերպությունը, իսկ այժմ հնարավորություն է տալիս կենտրոնացնել կազմակերպության ռեսուրսները՝ ծրագրի աճին ուղղված գործողությունների իրականացման, ինչպես նաև ծրագրի շրջանավարտներին իմաստալից աջակցության տրամադրման վրա:

Էդել Հովնանյանի համաձայն, «Դեպի Հայք» կազմակերպությունն արդեն չունի ֆինանսական միջոցներ հայթայթելու կարիքը, և այժմ կարող է կենտրոնացնել իր ջանքերը ծրագրի մասնակիցների հավաքագրման վրա:

«Ծրագրի աշխատողներին հստակ առաջադրանք է տրվել 2014 թվականին կրկնապատկել ծրագրի մասնակիցները թիվը, ապա եռապատկել այն մինչև 2015 թվականը՝ պահպանելով նույն բարձր որակը, որի շնորհիվ «Դեպի Հայք»-ը մեծ ճանաչում է ձեռք բերել: Համոզված եմ՝ նրանք կարող են հասնել այս նպատակին», - «Արմենիան Ռեփորթեր»-ի փոխանցմամբ՝ ասել է Էդել Հովնանյանը:

«Դեպի Հայք»-ը հիմնադրվել է 2003 թվականին, որպես միջազգային բարեգործական կազմակերպություն: Ծրագրի նպատակն է՝ զարգացնել և ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների միջև կապերը՝ վերջիններիս հնարավորություն տալով մասնակցելու Հայաստանի առօրյա կյանքին և կամավորական աշխատանքի միջոցով ներդրում ունենալ հայրենիքի զարգացմանը:

Ծրագրի պահանջն է, որ մասնակիցներն ունենան հայկական ծագում, նրանց տարիքը լինի 20-ից 32 տարեկան, և որ Հայաստանում նրանք գտնվեն առնվազն երկու ամիս։ Մասնակիցները միայն մեկ անգամ կարող են օգտվել «Դեպի Հայք»-ի ճանապարհածախսի փոխհատուցման ծրագրից։ Մինչ օրս հիմնադրամը հովանավորել է ավելի քան 800 սփյուռքահայ կամավորների՝ 32 երկրներից:
XS
SM
MD
LG