Մատչելի հղումներ

«Աղքատ պետություններին տրվող օգնությունը վտանգի տակ է»


«Աղքատ պետություններին տրվող օգնությունը վտանգի տակ է»
«Աղքատ պետություններին տրվող օգնությունը վտանգի տակ է»

«Աղքատ պետություններում մարդային բազմաթիվ կյանք փրկող բժշկական և գյուղատնտեսական օգնության տրամադրումը վտանգված է, քանի որ աշխարհի բազմաթիվ պետությունների կառավարություններ բյուջեի սուղ միջոցների պատճառով նախատեսում են նվազեցնել օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնության ծավալները»։

Այս մասին երկուշաբթի օրը հրապարակած իր 24-էջանոց նամակում նշել է ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը՝ ասելով, որ աղքատ պետություններին օգնության տրամադրումը բխում է հենց հարուստ պետությունների շահերից, քանի որ դա հնարավորություն է տալիս աշխարհում պայքարել վարակների տարածման դեմ և նպաստում կայուն իրավիճակի պահպանմանը։

Իր նամակում Գեյթսը շեշտել է, որ անհրաժեշտ է շարունակել ֆինանսական օժանդակության տրամադրումը աշխարհում առողջապահական խնդիրների, ներառյալ պոլիոմիելիտի, մալարիայի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար։

Նրա համաձայն, հիմնական շեշտը պետք է դնել առկա բուժման եղանակների արժեքի նվազեցման վրա, որպեսզի դրանք հասանելի դառնան առավել մեծ թվով մարդկանց։

Գեյթսն ասել է, որ կանխարգելիչ միջոցառումների արժեքը զգալիորեն ցածր է հիվանդությունները բուժելու համար ծախսվող գումարներից։

Գեյթսը կոչ է արել նաև շարունակել աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսությանը, որի միջոցով աղքատ երկրներում գյուղացիները կարող են բարձրացնել բերքատվությունը և բարելավել սննդամթերքով ապահովվածությունը։

Որպես գովասանքի արժանի օրինակ, Գեյթսը բերել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հանձնառությունը, որով անցյալ շաբաթ նա պարտավորվել է ավելացնել պոլիոմիելիտի դեմ պայքարելուն ուղղված օգնությունը՝ չնայած Մեծ Բրիտանիայի կառավարությունն աշխատում է պետության ծախսերը նվազեցնելու ուղղությամբ։

Բիլ Գեյթսը «Բիլ և Մելիդա Գեյսթ հիմնադրամ»-ի համանախագահն է։ Հիմնադրամի նպատակն է պայքարել զարգացող երկրներում սովի և աղքատության դեմ և օժանդակություն ցուցաբերել ԱՄՆ-ում կրթական նախաձեռնություններին։ Հիմնադրամի տվյալներով, աշխատանքը մեկնարկելուց հետո իր կողմից հատկացված դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է 24 միլիարդ դոլար։

XS
SM
MD
LG