Մատչելի հղումներ

Ջասթին Բիբերը՝ «Տարվա լավագույն երգիչ»


18 տարեկան երգիչը նվաճել է «American Music Award» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը

Կանադացի կատարող, 18-ամյա Ջասթին Բիբերը նվաճել է «American Music Award» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը:

Լոս Անջելեսում նախօրեին անցկացված «American Music Award»-ի 40-րդ հոբելյանական մրցանակաբաշխության ընթացքում կանադացի երգչին հաջողվել է հաղթանակ տանել «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում՝ առաջ անցնելով ճանաչված այնպիսի կատարողներից, ինչպիսիք են Ռիհաննան, «Մարուն 5»-ը, Դրեյքն ու Քեթի Փերին:

Մրցանակն ընդունելու ժամանակ երիտասարդն ասել է, թե «դժվար է մեծանալ, երբ բոլորը նայում են քեզ», և շնորհակալություն է հայտնել իր մորը՝ իր նկատմամբ հավատքը երբեք չկորցնելու համար:

Ջասթին Բիբերն առաջինն էր նաև փոփ և ռոք ալբոմների անվանակարգում, որը նվաճել է «Believe» («Հավատա») իր ալբոմի համար, ինչպես նաև տղամարդ փոփ և ռոք երգիչների անվանակարգում:

«Ամենասիրված նոր կատարող» անվանակարգում հաղթանակ է տարել կանադացի ևս մեկ երգիչ՝ Ռեյ Ջեփսենը:

Վերջերս մայր դարձած բրիտանացի կատարող Ադելը մրցանակ է նվաճել է «Մեծահասակների ժամանակակից կատարող» անվանակարգում:

Թեյլոր Սվիֆթը արդեն հինգերորդ անգամ անընդմեջ նվաճել է «Քանթրի ոճի լավագույն կին կատարող» մրցանակը, իսկ Լյուք Բարայանին հաջողվել է հաղթանակել քանթրի ոճի տղամարդ կատարողների անվանակարգում:

«American Music Award» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար թեկնածուները ընտրվում են՝ իրենց երաժշտության վաճառքների և հեռարձակման ծավալների հիման վրա, իսկ հաղթողը ճանաչվում է կատարողների երկրպագուների կողմից առցանց կատարվող քվեարկության արդյունքներով:
XS
SM
MD
LG