Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահը կմասնակցի Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը


Փոխնախագահ Բայդենը կրկին կայցելի Ուկրաինա այն ընթացքում, երբ երկրի արևելքում չեն դադարում կառավարական ուժերի և ռուսաստանամետ անջատողականների միջև բախումները

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը կրկին կայցելի Ուկրաինա՝ երկրի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով:

ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, փոխնախագահ Բայդենը Կիև կատարվելիք այցի ընթացքում նաև հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի առաջնորդների հետ:

Փոխնախագահ Բայդենի այցը կայանալու է Ուկրաինայի համար ստեղծված ծանր ժամանակաշրջանում, երբ երկրի արևելքում չեն դադարում կառավարական ուժերի և ռուսաստանամետ անջատողականների միջև բախումները: Այն հույսը, որը Պետրո Պորոշենկոյին երկրի նախագահ ընտրելը կնպաստի կառավարության և Ուկրաինայի արևելյան շրջաններում գործող ռուսաստանամետ անջատողականների միջև առկա հակամարտության կարգավորման, հետզհետե նվազում է:

ԱՄՆ-ի փոխնախագահը վերջին անգամ Ուկրաինա էր այցելել այս տարվա ապրիլի վերջին: Այցի ընթացքում Բայդենը վստահեցրել էր այս երկրի առաջնորդներին, որ Միացյալ Նահանգներն իրենց կողքին կանգնած կլինի՝ «նվաստացնող սպառնալիքներին դիմակայելու գործում»՝ հավելելով, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Ղրիմում Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները:

Փոխնախագահ Բայդենը, բացի այդ, նշել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օժանդակություն տրամադրել Ուկրաինային՝ էներգետիկական անկախություն ձեռք բերելու և Ռուսաստանից առաքվող բնական գազից ունեցած կախվածությունից ազատվելու գործում:
XS
SM
MD
LG