Մատչելի հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը դատարանում կբողոքարկի նախագահական ընտրությունների արդյունքները


«Ընտրական գործընթացի միասնությունը խարխլվել է խոսքի ազատության և հավաքների ազատության սահմանափակումներով», - ասված է ԵԱՀԿ-ի դիտորդների կողմից հրապարակված հայտարարության մեջ

Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները հինգշաբթի օրը հայտնել են, որ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին անցկացված նախագահի ընտրություններում հաղթանակ է տարել՝ քվեատուփերի լցոնումների և ոստիկանության միջամտությունների միջոցով:

Իլհամ Ալիևի կողմ նախօրեին անցկացված նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական արդյունքների, քվեարկել է ընտրողների 85 տոկոսը: Հաշվվել են գրեթե բոլոր քվեաթերթիկները:

«Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան և կպահանջենք չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները», - ասել է ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլին, որի համաձայն ընդդիմությունը հավաքել է ընտրախախտումների իրականացման բազմաթիվ ապացույցներ:

Ադրբեջանում նախագահական ընտրությունների ընթացքում կատարված լուրջ խախտումների մասին հայտնել են նաև միջազգային դիտորդները:

«Ընտրական գործընթացի միասնությունը խարխլվել է խոսքի ազատության և հավաքների ազատության սահմանափակումներով», - ասված է ԵԱՀԿ-ի դիտորդների կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Ադրբեջանում ԵԱՀԿ-ի առաքելությունը տեղեկացրել է նաև, որ ընտրությունների ընթացքում գրանցվել են ընտրողների ահաբեկման դեպքեր:

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սակայն հայտնել է, թե ընտրությունների ընթացքում խախտումների մասին որևէ բողոք չի ստացել:

Իլհամ Ալիևի հաղթանակը նախագահի ընտրություններում ակնհայտ էր Ադրբեջանի բնակչության մեծամասնության համար՝ չնայած այն հանգամանքի, որ երկրի ընդդիմությունն առաջին անգամ համախմբվել և միասնական թեկնածու էր ներկայացրել:

Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը տասը տարի առաջ նախագահի պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Գեյդար Ալիևին: Ալիև-կրտսերի նախագահության ընթացքում երկրում տնտեսական աճ է գրանցվել, որի հիմքում ընկած է նավթի վաճառքն ու այլախոհության ճնշումը:
XS
SM
MD
LG